Foto

Պատրանքներով կերակրվող Հայաստանը

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իր մարզային տուրնեների շարքն ակտիվացրել է, ինչը ակնհայտորեն կապված է իր  օրըստօրե նվազող վարկանիշով։ Մարզերում ապրող մեր հայրենակիցների շրջանում տրամադրությունների էական փոփոխություն է նկատվում․ նախկինում լուռ ու անտարբեր մարզային բնակիչներն այսօր բավական կոշտ ու սուր քննադատում են փաշինյանական ամենաթողություններն ու հակաարցախյան քաղաքականությունը՝ այն համարելով անթույլատրելի ու անբարո։

Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ է այցելելու․ նշենք, որ այս այցը հետաձգված է, և պետք է տեղի ունենար դեռևս օգոստոսի սկզբին, սակայն հետաձգվել էր Ալավերդիում և մի շարք համայնքներում տեղացած ահավոր կարկուտի պատճառով, որն ամբողջությամբ ոչնչացչել էր բոլոր ցանքատարածություններն ու այգիները՝ մարդկանց կանգնեցնելով փաստի առաջ։ Ավելի կոնկրետ՝ Փաշինյանին զեկուցել են, որ մարդիկ ահավոր նյարդային, զայրացած վիճակում են, և այցի ընթացքում հնարավոր է լուրջ միջադեպեր գրանցվեն, ուստի այդ փուլում այցն այդքան էլ նպատակահարմար չի լինի:

Երեկ նախատեսվող այցից առաջ ամենուր մաքրում էին․ լվանում էին փողոցները, ճանապարհների կողային պատնեշները, մաքրում ճամփեզրին եղած աղբն ու չոր տերևները․ ի դեպ՝ մարդիկ դա անում էին դժկամությամբ և ոչ թե իրականում մաքրում՝ այլ մաքրության իմիտացիա էին անում, քանի որ հավաքված աղբը թափվում էր 6-7 մետր հեռավորության վրա՝ աչքից հեռու։ Ասել է թե, մարդիկ անում են աշխատանք՝ ստեղծելով իմիտացիա, թվում է, թե ճանապարհը մաքուր է, գծանշումներն արված են, աղբը՝ հավաքված, բայց դա խաբկանք, ընդամենը շոու է, քանի որ աղբը կա՝ մի քանի մետր այն կողմը, ներկը վատն է և արված է գեղեցիկ փաթեթավորման տեսք ստանալու համար, իսկ մնացածը՝ բեմադրություն։

Ստացվում է՝ մարդիկ ապրում են իմիտացիաների և իլյուզիաների մեջ, չկա ճշմարտության հետ առերեսում: Կարծես, մի տեսակ հարմար է՝ ապրել պատրանքներով։ Թվում է, թե սա դետալ է և կապ չունի մեր իրական ու ազգային խնդրի հետ: Սակայն այդ կապն ուղղակի է՝ օրգանական։

Այս նույն կերպ մարդիկ երես են թեքում և ցույց տալիս, թե չեն տեսնում կամ ուղղակի չեն ցանկանում տեսնել, որ պետականության գոյությունը կախված է մազից, որն ամենաթեթև քամուց պոկվելու է, բայց շարունակում են ջայլամի կեցվածքով ապրել։ Նույն լատենտությունը կա գեպոլիտիկ տիրույթում, որտեղ նույնպես ամեն ինչ հարմարեցվում է կոնֆորմիզմին և ներկայացվում սեփական կենսական շահերի տիրույթում։ Այսինքն՝ մարդիկ անտարբեր են ներքաղաքական, իսկ պետությունները՝ աշխարհաքաղաքական հատվածում։

Այսօր Արցախում տեղի են ունենում ներքին խմորումներ, որոնք, չնայած ընթացիկ դետալներին, տարաբնույթ դրսևորումներին, վերջին հաշվով ունեն մեկ նպատակ՝ նպաստել Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման սկզբունքով «Խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրմանը: Դրա համար այսօր գոյություն ունեցող լատենտ աշխարհաքաղաքական խաղացողները՝ որպես տեղական մոդերատոր ունենալով Նիկոլ Փաշինյանին, նաև Արցախում օգտագործում են սեփական շահերին ծառայողներին, որոնցից յուրաքանչյուրն ունի այդ դավադրությանը մասնակցելու սեփական դրդապատճառները. մեկը ցանկանում է պահպանել ունեցվածքը, երկրորդը՝ դառնալ «ադրբեջանական Ղարաբաղի քավորը», երրորդը՝ իրացնել սեփական հիվանդ հավակնությունները, և այդպես շարունակ: Թերևս ակնհայտ է, որ ՀՀ անտարբեր քաղաքացիները և ծախու աշխարհաքաղաքական բևեռները պայքարում են Արցախի ժողովրդի դեմ, որովհետև  հենց արցախցիներն են՝ իրենց հավաքական կամքով, վերջին ինն ամիսներին ցուցաբերած վճռականությամբ ու արժանապատվությամբ խառնել բոլորի հաշվարկները:

Արմեն Հովասափյան