Օրերս հայտնի դարձավ,
որ ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ
պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Մեկ ժամ անց Հայաստանում ԵՄ առաքելության սոցցանցային պաշտոնական էջերում հայտնվեցին
գրառումներ, որոնք հերքում էին ՊՆ կայքում հրապարակված լուրը: Ավելին՝ մի փոքր անց
արդեն Ադրբեջանի ՊՆ-ն սրբի դեմքով սկսեց արդարանալ, թե Հայաստանը կեղծիք է տարածում,
և իրենք ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների վրա չեն կրակել: Բաքվից հավելում են՝ իրենց
նախապես հաղորդվում է, թե սահմանի որ ուղղությամբ և որ ժամին են լինելու ԵՄ դիտորդները,
ինչպես նաև տեղանքի հստակ կոորդինատները, դիտորդների մեքենաների մակնիշները և պետհամարանիշները:
Ու հենց այստեղ ակնհայտ դարձավ, թե իրականում քանի գրոշի արժեք ունեն ԵՄ առաքելության և Բաքվի ՊՆ հերքումները: Մասնավորապես՝ դեպքից մեկ ժամ չանցած՝ սոցցացներում տեսանյութ հայտնվեց, որում հայկական դիրքերում հայտնված ԵՄ դիտորդը մատով ցույց է տալիս ադրբեջանական դիրքերն ու պատմում, որ այնտեղից կրակել են իրենց և իրենց տեղափոխող մեքենաների վրա։ Տեսանյութից պարզ է դառնում նաև, որ նրանք պատսպարվել են և սպասում են մինչև նոր տեղեկություններ լինեն, կրակոցները դադարեն, և կարողանան վերադառնալ մեքենաների մոտ: Հետո սկսվեց ամենահետաքրիրքը․ ԵՄ առաքելությունը միայն տեսանյութը տեսնելուց հետո անմիջապես ջնջեց այն գրառումները, որոնցով մեր ՊՆ-ին մեղադրել էր կեղծիք տարածելու մեջ: Արեցին նոր՝ «Հաղորդագրության ուղղում» վերնագրով գրառում, որում ընդունեցին, որ առաքելության պարեկն ականատես է եղել ադրբեջանական կրակոցներին։
Ըստ էության՝ ՄԱԿ-ի ԱԽ օգոստոսի 16-ի նիստում Արցախի հարցի քննարկումը Բաքվին վրդովվեցրել է այնքան, որ Հայաստանի և Արցախի դեմ սկսել են տեղեկատվական մեծ գրոհ: Ադրբեջանի ԱԳՆ-ը սկսեց պնդել, թե իբր հայկական կողմը մեծ քանակությամբ զենք, ռազմատեխնիկա և անձնակազմ են կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի ԱԳՆ-ը պատասխանեց սրան՝ նշելով, որ «ադրբեջանական կողմից ՀՀ-ին առնչվող ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին»: ԵՄ դիտորդական առաքելությունն էլ տարածեց մի հայտարարություն, որում նշեց՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։ Ի դեպ, միայն օրվա վերջում ՊՆ-ից հայտնեցին, որ Ադրբեջանի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող։
Նշենք, որ ԵՄ դիտորդները, նախնական պայմանավորվածությամբ, ՀՀ սահմանին էին հայտնվելու երկու ամսով, հետո առաքելության ժամկետը երկարաձգվեց մինչև երկու տարի: Սա Բաքվում ընդունեցին դժկամությամբ: Ալիևը պնդել էր, թե այդ քայլով ԵՄ-ն անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի հետ սկսված բանակցությունները: Ալիևն անցել էր անգամ ծաղրական տոնի՝ հայտարարելով, թե հայերը չպետք է իրենց հույսը դնեն «այդ ֆրանսիացի թոշակառու ոստիկանների» վրա:
Թեմայի հետ կապված՝ Նիկոլ
Փաշինյանն իր հերթին շեշտել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր
է դարձել, քանի որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ–ն հստակ
գծագրել է, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն,
ինչը չի եղել ՀԱՊԿ պարագայում: ԵՄ դիտորդներին Հայաստան բերելը Փաշինյանը հիմնավորում
է նաև հայտարարելով, թե մինչև ԵՄ առաքելություն ուղարկելը Ադրբեջանը փորձում էր Եվրոպայում
տպավորություն ստեղծել, թե Հայաստանը ՌԴ ագրեսիվ քաղաքականության գործիքն է Արևմուտքի
դեմ։
Տեղի ուենցածի մարազմը
կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակում գազային գործարքով Ադրբեջանի հետ կապված
ԵՄ դիտորդները հերքում են ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունը և ընդունում իրենց կեղծիքը
միայն անհերքելի տեսանյութ-ապացույցի տարածումից հետո՝ առանց Հայաստանի պաշտպանության
նախարարությանը կեղծիքի մեջ անհիմն մեղադրելու
համար ներողության որևէ խոսքի, իսկ հայկական կողմից կատարվածի վերաբերյալ՝ մեռելային
անտարբերություն։
Արմեն Հովասափյան









