Foto

Ես ի՞նչ, ի՞նչ ես...

 

Վերջին տասնամյակի ընթացքում աշխարհում բավականին հստակ ուրվագծվել է երկու հիմնական քաղաքական ուղղություն, որը զուգորդվում է լիբերալ և կոնսերվատիվ հոսանքների գաղափարախոսական բախմամբ։ Թեև Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ «իզմերի» դարաշրջանն անցել է, բայց այդքան էլ այդպես չէ: Հայկական քաղաքական դաշտում իրականում առկա է երեք հստակ «իզմային» ուղղություն պոպուլիստներ, ֆեյք-լիբերալներ և ազգայնականներ։ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ ամբողջովին ձախողված ղեկավար է, և, ըստ էության, այս 5 տարիների ընթացքում, դասագրքային ճշմարտությանը համապատասխան, ցույց տվեց, թե ինչ քայլեր չպետք է անի պետության ղեկավարը, որպեսզի չվնասի երկրի արտաքին քաղաքականությանը և միջազգային հարթակներում վերջնականապես չոչնչացնի պետության վարկանիշը:

Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, երբ Փաշինյանն իր խոսքում ամեն ինչում մեղադրում է նախկին իշխանություններին՝ իբր նրանք ՀՀ «ներքին լվացքը» հանում են միջազգային ասպարեզ: Սակայն ՀՀ-ում իշխանությունը վերջնականապես ուզուրպացնելու մղումներով ոգևորված՝ Փաշինյանն ինքը բառացիորեն ոչնչացրեց ու փոշիացրեց ՀՀ միջազգային վարքագիծը, և ժամացույցի ճշգրտությամբ աշխատող պետական համակարգը: Հասկանալով, որ տեղեկատվական դաշտում պարտվում է, և ոչ մի փաստական մեկնաբանություն, որը կապացուցի, թե միջազգային կառույցներից պարբերաբար հնչող տեսակետներն իրականության հետ աղերս չունեն, չեն կարողանում հնչեցնել, Փաշինյանը մշտապես դիմում է իր հոգեհարազատ գործելաոճին՝ պոպուլիզմին և դեմագոգիկ հայտարարություններին՝ երբեմն արենա իջեցնելով թիմակիցներինԱվելին, եթե հետհայաց դիտարկենք Փաշինյանի քաղաքական գործունեությունը, ապա ակնհայտ է դառնում, որ նրա գործողությունների զգալի մասը հակասում են եվրոպական քաղաքական չափանիշերին և նրանց կողմից հռչակած ժողովրդավարական սկզբունքների հետ որևէ աղերս չունեն: Այս շարքին են դասվում և 2018-ին հոկտեմբերի 2-ի հայտնի խառնակությունը՝ ԱԺ շենքի շրջափակումը, և դատարանները շրջափակելու մայիսյան որոշումը, ընդդիմադիրներին քաղաքական բացահայտ հետապնդումների ենթարկելը, նախկին նախագահների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ տարբեր տիպի ոտնձգությունները:

Այո՛, Փաշինյանը սարսափում է քննադատությունից և ամեն կատարած քայլ, որը կոշտ քննադատության է արժանանում  ներսում և դրսում, նրա համար լուրջ սթրես է, և ամեն գնով անհասկանալի ու հիմնազուրկ պարզաբանումներ ու հստակեցումներ է փորձում անել։ Վառ օրինակը՝ Արցախում տեղի ունեցող ցեղասպանության թեման, երբ, փոխանակ գործուն քայլեր և հստակ գործողություններ իրականացվեն, հնչում են անհասկանալի կոչեր, անբովանդակ հորդորներ և կենացային ճառեր, մնացածը՝ զրո։  Դրան զուգահեռ՝ Փաշինյանի «գվարդիան» փորձում է կրկին մեղքը բարդել հների վրա՝ պնդելով, թե նրանց բարձրացրած աղմուկի հետևանքով է, որ միջազգային հարթակներում տապալումներ են տեղի ուենում։

Արմեն Հովասափյան