Foto

Խաղարկում են 2021-ի ընտրությունների սցենարը

Չնայած երկրում ստեղծված գերծանր իրավիճակին և Արցախի 8-ամսյա բլոկադային, իշխանությունները գլխապատառ նախապատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին։ Արդեն պարզ է, որ իշխանությունը, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանն, ամեն ինչ անելու է՝ ընտրություններին հաղթանակ տանելու նպատակով։  

Գլոբալ տեսակետից՝ ընտրական գործընթացի ընդհանուր տրամադրությունն այն է, որ երկրում ստեղծված գոյաբանական սպառնալիքների պայմաններում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունն անիմաստ է, որ իշխանությունը, միևնույն է, վարչական ռեսուրսներով հաղթելու է և պետք է կենտրոնանալ ավելի կարևոր՝ Արցախի խնդրի վրա։

Ըստ էության՝ նշված փաստարկները հիմնազուրկ չեն, սակայն հիմնավոր է նաև այն թեզը, որ ընտրություններում Տիգրան Ավինյանի հաղթանակը, առաջին հայացքից կապ չունենալով Արցախի հետ, ուղղակիորեն ազդելու է առաջին հերթին՝ Արցախի հարցի վրա՝ դրա ոչ հայանպաստ լուծման երաշխավորված հեռանկարով։ Շատ կարևոր է ընդգծել, որ այստեղ խնդիրն այն է, որ անկախ նրանից, թե ինչպես են մատուցվում ընտրությունները (հիմնականում իշխանական քարոզչականները շեշտում են, որ այն զուտ կառավարչական-վարչարարական պաշտոնյայի ընտրություններ են), սակայն դրանց համատեքստը միանշանակ քաղաքական է՝ նույնքան քաղաքական հետևանքներով։

Ցանկացած այսպիսի ընտրություն իշխանության համար վստահության հանրաքվեի նշանակություն ունի։ Պարզ է, որ Երևանում, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակչության շուրջ կեսը և ակտիվ հանրային կյանքի գերակշիռ մասը, սեպտեմբերի 17-ին նախատեսվող ընտրություններն առաջին հերթին Փաշինյանի վստահության մասին են։ Դա է պատճառը, որ անգամ ներքին հակասությունների պարագայում, անձնական խնդիրներ ունենալով Ավինյանի հետ, Փաշինյանն արդեն իսկ անում է և անելու է առավելագույնը՝ ընտրություններում հաղթելու համար:

Քննարկման ենթակա չէ, որ Նիկոլն ամենալկտի կերպով խաբել է ժողովրդին, խլել է իշխանությունը և, դա օգտագործելով, այսօր անում է տրամագծորեն հակառակը, ինչի համար 2021-ի ընտրություններում իբր վստահության քվե է ստացել ու ցինիկաբար հրաժարվում է իր խոստումներից: Հիմա փորձում է նման մի սցենար խաղարկել նաև Երևանի ավագանու պարագայում։ Նիկոլի այսօրվա էլեկտորալ մանդատը, որով նա արդարացնում է իր իշխանությունը պահպանելը, միանգամայն բովանդակազուրկ է և կեղծ: Իրականում նա ոչ թե ժողովրդի իշխանության կրողն է, ինչպես ներկայացնում է, այլ ժողովրդից իշխանություն խլողն ու այդպիսով պետականությունը տապալողը:

Արմեն Հովասափյան