Foto

Ինչպե՞ս քանդել բանակը

 

ՀՀ-ում 2018-ից սկասված պետականության կազմաքանդման գործընթացը, ինչպես և կանխատեսում էին մասնագետները, իրականացվում էր փուլերով, որը հստակ գծագրված ու ամբողջական համակարգ էր։ Նիկոլ Փաշինյանը, իր առաջ նպատակ դնելով ամբողջովին քարուքանդ անել ՀՀ-ում գործող կայուն համակարգերը, հստակ գիտակցում էր, թե թիրախային ինչ հարվածներ պետք է հասցնի և որտեղ, որպեսզի տվյալ կառույցում՝ ոլորտում, ուղղակի քարը քարի վրա չմնա, այսինքն՝ առաքելությունն իրականցված լինի ամբողջապես։

Պետականությունն ունի իր մի քանի առանցքային հիմնասյուներ, որոնց վրա հենվելով, կարողանում է գործել որպես մեկ կայուն համակարգ: Իսկ որպեսզի հնարավոր լինի տապալել պետական կարգը, նախ և առաջ պետք է հարվածներ հասցվեն կոնկրետ  ուղղություններով, որպեսզի նրանք այնպես ոչնչանան, որ հետագայում ոչ մի ձևով հնարավոր չլինի դրանք վերականգնել։ Ասվածի վառ օրինակը բանակում տեղի ուենցող գործընթացներն են։ Բանակը և գեներալիտետը պետականության առանցքային ու կարևորագույն երեք հիմնասյուներից մեկն է, որի փոշիացմանը լծվեց փաշինյանական շայկան։

Իշխանության գալուց հետո հենց բանակը դարձավ Նիկոլի թիրախը, իսկ գեներալներն ու բարձրաստիճան զինվորականությունը՝ նրա աչքի գրողը։ Այս գործընթացն իր երկրորդ ու ավելի ընդարձակ արտացոլումը ստացավ 44-օրյայից հետո, երբ Փաշինյանի կողմից հրապարակ նետվեցին «դավաճան գեներալների» ու «հինգերորդ շարասյունը սպասարկողների» մասին կեղծ թեզերը։ Այս կիսաճշմարտություններն այնքան նուրբ ու զգացմունքային էին, որ ժողովրդի կողմից, այդ թվում՝ որոշակի կրթական բարձր ցենզ ունեցողների մոտ, ընդունվեցին որպես բացարձակ ճշմարտություններ և քարկոծման ու վարկաբեկման մեծ ալիք բարձրացրին։ Մնացածը, Նիկոլի նման մեծ մանիպուլյատորի համար, ընդամենը տեխնիկական խնդիր էր, որն էլ սկսվեց փայլուն կերպով կյանքի կոչվել։

Այս ամենից հետո պետք  էր բանակը ոչնչացնել ու արժեզրկել արդեն ներսից, որպեսզի այնտեղ գոյություն ունեցող ու տասնամյակներ շարունակ ձևավորված ավանդույթները հօդս ցնդեն։ Հիմա ընթանում են այդ ներքին կազմաքանդման տարբեր դրսևորումները, որոնցից մի դրվագի մասին ներկայումս կմանրամասնենք։

Իչպես հայտնի է՝ տևական ժամանակ է, ինչ իշխանությունները նախաձեռնել և բանակում աստիճանաբար իրականացնում են անձնակազմի ատեստավորման գործընթաց։ Ատեստավորման արդյունքում նախատեսվում է բարձրացնել սպայակազմի աշխատավարձերը, սակայն, ինչպես կանխատեսում էին մի շարք ոլորտային մասնագետներ, այստեղ ամեն բան միանշանակ ու հարթ չէ: Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք բավական ֆունդամենտալ ու կարևոր երևույթի հետ, սակայն Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս սեփական քաղաքական օրակարգի բաղադրիչն ու հետքը չթողներ։ Վերջերս մամուլում հրապարակում եղավ, ըստ որի՝ սպայակազմի շրջանում դժգոհություններ կան ատեստավորման անցկացման ընթացակարգի և ընդհանուր գործընթացի վերաբերյալ։ Բանն այն է, որ տեղի ունեցող ատեստավորման գործընթացի ժամանակ և բուն ընթացքին քաղաքացիական ինչ-որ անձինք են մասնակցում, այսպես ասած՝ իշխանության ներկայացուցիչներ են, որոնց խոսքը հաճախ վճռորոշ է լինում վերջնական արդյունքի վրա։ Այսինքն՝ «փաշինյանական գվարդիայից՞ ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող կերպարներ փորձում են պրոֆեսիոնալ սպաների ատեստավորման լավ կամ վատ լինելը գնահատել։ Ստացվում է, որ, ամենայն հավանականությամբ, անգամ բանակում չծառայած ոմանք գնահատելու են բանակում 20-25 տարվա վաստակ ուենցող սպային։ Ավելին, հաճախ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, երբ բարձրաստիճան զինվորականները խնդրում են երիտասարդ իշխանականներին, որպեսզի որոշակի զիջումներ ու վերապահումներ կատարեն, այլ կերպ ասած՝ գեներալներն ու գնդապետները խնդրում են երիտասարդ քաղաքացիական անձանց, որպեսզի ատեստավորման ընթացքում իրենց գործողություններում ինչ-ինչ քայլեր կատարեն։

Տարբեր դրվագների հետ կապված՝ սպաների գնահատականների հարցում վճռորոշ դերը պատկանում է  հենց Փաշինյանի «կոմիսարներին»։ Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ իրավիճակի մարազմը հասել է նրան, որ այս թեման զինվորականության շրջանում մեծ դժգոհություններ է առաջացրել, որոշներն անգամ զեկուցագրեր են ներկայացրել և դուրս եկել համակարգից։

Արմեն Հովասափյան