Foto

Աղդամի թեման՝ «օվերտոնի պատուհանով»


Հայաստանյան հանրային տիրույթում բավական ակտիվ, ինչ-որ տեղ նաև իշխանությունների որոշակի ուղղորդմամբ, ինտենսիվ տարածվում է արցախահայությանն Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորության մասին թեզը։ Հատկանշական է, որ այս դրույթը նրբորեն, բայց հատուկ, իշխանության սոցցանցային պրոպագանդիստների միջոցով աստիճանաբար դոզավորվում է՝ մարդկանց ենթագիտակցության մեջ այդ օրակարգը կյանքի կոչելու նպատակով։ ՀՀ իշխանությունները չեն էլ թաքցնում Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց պատրաստակամությունը, ավելին՝ հստակ ու բաց տեքստով խոսում են դրա մասին և քանիցս վերահաստատում այդ դրույթը։

Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել վերջին հանդիպումից հետո, երբ Աղդամով ճանապարհ տալու թեման դարձավ էլ ավելի շատ շրջանառվող։ Մասնավորապես, Միշելը հայտարարում է, թե ողջունում եմ Ալիևի պատրաստակամությունը հումանիտար օգնություն ուղարկել Աղդամով։ Սովորաբար, նման կարգի հայտարարությունները համաձայնեցված են լինում բանակցությունների մասնակից կողմերի ԱԳ նախարարների կամ ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, Փաշինյանը նստած է եղել բանակցային սեղանի մոտ, լսել է, թե ինչպես են ողջունում Ալիևի պատրաստակամությունը՝ օգնության ձեռք մեկնել Արցախին, բայց, փաստացի, չի տեսել Ալիևի ցեղասպան գործողության դատապարտումը։ Ցավալի է, որ դրանից հետո Արցախի իշխանություններն իրենց քայլերը չեն սինքրոնացնում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների հետ, ամորֆ հայտարարություններ են անում և մարդկանց մոլորության մեջ են գցում։

Վերը ներկայացված դրվագը, որը հավանական տարբերակ է, խոսում է այն մասին, թե որքան անէական է Արցախի հարցն ու 240 օր շրջապատված, սովահար ու ցեղասպանվող արցախահայության ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի համար։ Դեռևս, 5 տարի առաջ, երբ պաթոսախեղդ ճառերի «սեզոնն» էր, իսկ ազգաբնակչության 95 տոկոսը՝ լեթարգիական թմբիրի մեջ, նույն Նիկոլը կուրծք էր ծեծում, որ «սիրում է Արցախն ու արցախցիներին», հայտարարում՝ թե «Արցախը հայկական պատմական հայրենիք է», իսկ «ինքնորոշման հարցն այլընտրանք չունի»։ Այսօր տրամագծորեն այլ պատկեր ունենք Փաշինյանն նույնիսկ չի օգտագործում «Արցախ» ու «արցախահայություն» տերմինները, 2020-ի նոյեմբերից հետո, ոչ մի անգամ ոտք չի դրել այնտեղ, իսկ ինքնորոշման իրավունքը վաղուց գտնվում է խորը մոռացության մեջ՝ հստակ հայտարարելով, որ «Արցախն Ադրբեջանի մաս է»։  

Գործ ունենք մի հետաքրքիր իրավիճակի հետ 8 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախի համար  յուրաքանչյուր թեմա, որը կապված է կենսական խնդիրը լուծելու հետ, ունի որոշակի առաջնայնություն, իսկ հայաստանյան հակահայ իշխանությունների կողմից տիրաժավորվող Աղդամով հումանիտար բեռի մուտքի թեման «օվերտոնի պատուհանի» հերթական սերիան է, որով մարդկանց ենթագիտակցության մեջ փորձելու են աստիճանաբար այն «նստեցնել», որպեսզի որոշակի ժամանակահատված հետո այն ամենևին խորթ չթվա և քննարկման առարկա դառնա։ Սա Նիկոլի կողմից բազմաթիվ անգամներ կիրառված համակարգ է, որով նա կարողանում է իր քիմքին հաճելի քաղաքական օրակարգն իրականացնել ու հասնել հերթական հակապետական գործարքի կայացմանը։

Արմեն Հովասափյան