Ինչպես հայտնի է՝
մեկ շաբաթից ավելի է, ինչ ՀՀ-ից Արցախ ուղարկված հումանիտար բեռները գտնվում են Կոտնիձորում,
սակայն փաստացի ոչ մի տեղաշարժ ու գործընթացի առաջընթաց չկա, ավելին, կարծես թե, ոչ
ոք չի խոսում այդ մասին։ Մի տեսակ ապատիկ դատարկություն է, այնպիսի տպավորություն է,
թե գործն արված է, տեսարանը ներկայացված, թեմայի հետ կաված համապատասխան չափի աղմուկը
բարձրացված․ բոլորը գոհ են և բավարարված։
Փաստացի այս հարցը գտնվում է ինքնահոսի տիրույթում, քանի որ
Նիկոլ Փաշինյանն իր կողմից պահանջված քայլն արել է, ԵՄ դիտորդներն ու ԵԱՀԿ դեսպանները
գնացել են տեղում իրավիճակը «գնահատել» են, համապատասխան դեկլարատիվ կոչերը հնչել են․ ինչ վերաբերվում է
խաղաղապահներին, ապա նրանք իրենց հերթին իրենց մասով ինչ պահանջվում է արել են, այսինքն՝
վերադասին զեկուցել են և ներկայացրել համապատասխան իրավիճակը։
Հիմա նայեք, թե ինչ նոր սերիա է բեմադրվում, որի անոնսը նկատելի
էր կառավարության վերջին նիստին։ Նախ մի կարևոր արձանագրում անենք, որը թերևս դուրս
մնաց օրվա լրահոսի ընդհանուր քննարկումից։ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ Հայաստան-Ադրբեջան
սահմանները դեռևս հստակ որոշված չեն, ու սա ասվում է լղոզված ու հատուկ, քանի որ նման
թեման օրակարգ բերելով նա փաստացի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» մասին
բլեֆը թողնում է հեղհեղուկ և ակնարկում, որ Ադրբեջան չի ճանաչում ՀՀ 29,800 քառակուսի կիլոմետրանոց տարածքը։
Փաստացի Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
իր կողմից հնարած 86, 600 կիլոմետրով (ներառյալ Արցախը), իսկ Ալիևը, չնայած Փաշինյանի
պնդումներին, թե Պրահայում կողմերը ճանաչել են, հիմա այլ «բազարների» մեջ է, ու, ինչպես
պարզ է դառնում նրա խոսքից, հիմա այլ օրակարգ ունի։ Նիկոլը անուղղակի խոսում է այն
մասին, որ չի բացառվում Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշի, ու «թռնի» նախնական պայմանավորվածություններից։
Սա շատ նուրբ ու դիլիկատ դրվագ է, որի մասին քիչ է բարձրաձայնվում, քանի որ ներկայումս
ՀՀ սուվերեն տարածքը ապօրինաբար բռնազավթած Ջերմուկի, Սև լճի, Սյունիքի հարավային հատվածի,
Գորիս-Կապան ճանապարհատվածում, Սոթքում և Վարդենիսում գտնվող ադրբեջանցիները, մեծ հաշվով,
հնարավոր է և հետ չքաշվեն։
Ինչ վերաբերվում
է Կոռինձորում կանգնած «ֆուռերի»՝ Արցախ մտնելու արգելքին, նա բաց տեքստով նշեց, որ
«եթե Ադրբեջանն ասում է, թե Լաչինի միջանցքում և Հակաարիի անցակետում որևէ արգելք չկա,
ապա ինչպե՞ս է ստացվում, որ բեռները դեռևս տեղ չեն հասնում»։ Եթե սա նիկոլերենից թարգմանենք
սովորական հայերենի, ապա ստացվում է, որ նա բեռնատարների արգելքի թեման միանգամից «գցեց»
ռուսների գրպանը՝ ասելով, որ «պետք է հասկանանք և լսենք ՌԴ խաղաղապահների պարզաբանում
այս մասին, թե ինչո՞ւ չեն ապահովում կառավարության կողմից ուղարկվող հումանիտար բեռի մուտքը ԼՂ»։
Համաձայնեք, որ
նման անհասկանլի ու խառնիճաղանջ բնույթի բառախաղերի դեպքում, երբ երկրի փաստացի ոչ
բարով ղեկավարը խոսում է այս աստիճան ամորֆ տրամաբանությամբ, բարդ է նրանից ու նրա
ղեկավարած քաղաքական համակարգից որևէ լուրջ ու շոշափելի ակնկալիքներ ունենալ։ Փաշինյանի
գերնպատակը՝ հնգամյա կրտվածքով պետականաքանդ գործունեության առաքելությունն ավարտին
հասցնել է, այստեղ այլ քննարկման ու կասկածի առարկա ուղղակի գոյություն չունի։
Արմեն Հովասափյան









