Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների
հետ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող
Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն օգոստոսի 1-ին
հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության հեղինակները պատշաճ և քաղաքական հստակ գնահատականներով ներկայացրել
են ադրբեջանական շրջափակման արդյունքում Արցախում սրընթաց վատթարացող հումանիտար իրավիճակը՝ նկատելով, որ Ադրբեջանն
այդպիսով խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները,
ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ
ունեցող որոշումը, որը վերահաստատվել է նաև հուլիսի 6-ին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները,
ի թիվս այլնի, դատապարտել են հումանիտար մատակարարումների շարունակական շրջափակումը
և հումանիտար հասանելիության քաղաքականացումը։ Պատգամավորները հիշեցրել են, որ
2023 թվականի մարտի 15-ին Եվրախորհրդարանը կոչ էր արել Խորհրդին, որ «եթե Արդարադատության
միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին որոշումն անհապաղ չկատարվի, նպատակային
պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձանց նկատմամբ: Նրանք
նաև հիշեցրել են, որ 2023 թվականի հունիսի 13-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
ԵՄ բարձր ներկայացուցիչը պարտավորվել է խորհրդում բարձրացնել նման պատժամիջոցների սահմանման
հարցը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ
Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով ընդունված հայտարարությունը, նկատել է․ «Եվրոպական խորհրդարանը, ի դեմս Հարավային
Կովկասի հարցերով թերևս ամենատեղեկացված երեք պատգամավորների, Արցախում ստեղծված մարդասիրական
իրավիճակի վերաբերյալ բավական օբյեկտիվ հայտարարություն է ընդունել, պատգամավորների
քաղաքական սկզբունքայնությունն արժանի է հարգանքի։ Այս հայտարարությունը պետք է դիտել
հետպատերազմյա շրջանում Եվրոպական Խորհրդարանի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունների
տրամաբանության մեջ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի
գրասենյակը երկար տարիներ, իսկ պատերազմից հետո ավելի ակտիվ աշխատում է ԵՄ-ի կողմից
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման
ուղղությամբ և գնահատելի է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակում է հավատարիմ մնալ
այդ գաղափարին, որն ամբողջությամբ բյուրեղացել է միայն վերջերս՝ Արցախի ադրբեջանական
շրջափակումից հետո։ Կարծում ենք, որ Եվրոպական խորհրդարանի արդարացի դիրքորոշումն ի
վերջո պետք է տարածվի նաև ԵՄ գործադիր իշխանության վրա և Եվրոպական միության Խորհուրդը,
հանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը պետք է միասնական քաղաքականությամբ և Եվրոպական
միության ողջ կարողականությամբ զսպեն ադրբեջանական հանցագործ քաղաքականությունը»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական
գրասենյակ
02. 08․ 2023 թ․









