Foto

Վախերի ու վախկոտների մասին


Մարդկային յուրաքանչյուր վարքագծում, ի թիվս այլ գործոնների, վախը շատ մեծ ազդեցություն ունի և կազմում է նրանց վարքի հիմնական առանցքը։ Հայտնի է նաև, որ վախի հանգամանքն օգտագործելով՝ հնարավոր է մարդկանց դրդել այս կամ այն գործողության, ակտիվ կամ պասիվ քայլի։

Պետք է փաստենք, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իշխանության գալ նաև վախի հանգամանքն օգտագործելով տարիների հետևողական քարոզչության արդյունքում նախկին իշխանությունները հասարակության շրջանում դեմոնիզացվել էին և ներկայացվում էին դիվային կերպարով։ Նիկոլ Փաշինյանն այսօր իշխանությունն առավելապես պահպանում է նախկինների հանդեպ հանրային վախն օգտագործելով։ Հայաստանյան այսօրվա հանրային-քաղաքական դիսկուրսում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ Փաշինյանի տեսակետն ու հակափաստարկը «ուզում եք նախկինները վերադառնա՞ն» ցնդաբանությունն է։ Վերջին շրջանում փաշինյանական քաղաքականության առանցքներից է դարձել «հնարավոր պատերազմի» մասին պնդումը, որն ամեն հարմար առիթի առաջ է քաշում՝ ի հակակշիռ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգին»։ Ի դեպ՝ այստեղ շեշտենք, որ Փաշինյանը խաղաղության օրակարգը և հարևան երկրների հետ հարաբերությունները ստորադասում է իր իշխանության պահպանման իմպերատիվին, այսինքն՝ նա վախեր ունի, որոնց մասին, ի դեպ, մշտապես ակնարկում է, որ որևէ փաստաթղթի ստորագրում կարող է բերել իր իշխանության փոփոխության:

Իր տեսակով ամբողջովին իռացիոնալ լինելով հանդերձ՝ երբ վախը դառնում է մոտիվատոր, ստվերում է անձնական ու հանրային բանականությունը, ռացիոնալ մտածողությունը։ Վախի դեպքում կան հերոսներ ու հակահերոսներ, փրկիչներ ու թշնամիներ, որոնց մշտական առկայության պայմաններում հանրային դատողունակությունը չի առաջնորդվում բանականությամբ, փաստարկներով կամ հիմնավորումներով։ Ի դեպ, կարևոր է արձանագրել, որ իրականում գոյություն ունեն մշտական վախեր և հնարավոր փրկիչներ, որոնք պաշտպանում են այդ վախերից։ Ընդգծենք, որ հենց դա է հանդիսանում Նիկոլի իշխանության շարունակականության խորքային պատճառներից մեկը։ Ապրելով սեփական վախերով՝ նա միաամանակ կարողանում է կառավարել հանրային վախերն այնպես ու այնքան, որ հասարակությունն իրեն դիտարկում է որպես յուրահատուկ վահան, որի չգոյության դեպքում իրենց վախերը կարող են իրականություն դառնալ։

Մտքի, գաղափարների, ծրագրերի բացակայության պատճառով հանրությունը ժամանակի ընթացքում սկսում է իր վարքագիծը կառուցել զգայական հատկանիշների վրա։ Բոլոր նրանք, ովքեր կարողանում են կառավարել այդ զգացողությունները, որպես կանոն, ընտրում են նեգատիվ զգացողությունները, քանի որ պոզիտիվ էմոցիաները պակաս կառավարելի են ու չեն կարող դառնալ այնպիսի վարքագծային ուղենիշներ, ինչպես բացասական հույզերը, որոնց թվում վախն առաջնային տեղում է։

Վերջաբանի փոխարեն մի թարմ դրվագի մասին խոսենք Փաշինյանն իր հունիսի 15-ի ելույթում մի հետաքրքիր միտք է ասել, որն ուղղակիորեն շաղկապված է վերը շարադրվածի հետ և այս անգամ վախի մասին ամենաուղղակի դրսևորումն ակնառու է «Ես ինքս անձամբ տասնյակ անգամներ տեսել եմ, որ նախկինում, երբ, կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնային մարզ, ամեն ծառի տակ մի ոստիկան էր կանգնած՝ մեն-մենակ, ծառերի տակ, անձրևի տակ կուչ եկած»։ Այսօր առավորտյան Մ6 մայրուղով Նիկոլը ուղևորվում էր Սևան՝ տեղում համայնքային խնդիներին ծանոթանալու նպատակով։ «Չայնիի» ոլորաններից մինչև Սևանի ոստիկանական պահակակետ՝ ամենուր շարված ու կայանած պարեկների մեքենաներ էին ու ծառերի տակ շարված ոստիկաններ։ Ի դեպ՝ ստեղծված պատկերը բավական կոլորիտային էր ու տպավորիչ և խոսում էր նաև հայրենի ոստիկանության իրական որակների ու արժեհամակարգերի մասին։

Արմեն Հովասափյան