Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել
է 2019 թվականին Եղեգնաձորում բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը։
Նա դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի
18-ին ու կոմայի մեջ էր գտնվում մինչև օրս։
Դեպքից հետո Մխիթարյաի հարազատները պնդում էին, որ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև Վայոց Ձորի այն ժամանակվա մարզպետ, նախկին ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար՝ Տրդատ Սարգսյանը, ում հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից, Իսկ գործով կալանավորված է նրա այն ժամանակվա օգնականը։ Ի դեպ, միջադեպին ներկա անձինք և սպայի հարազատները պնդում են, որ եղել է խմբային հարձակում, որոնց մասնակցել են մարզպետն ու նրա շրջապատը: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Սարգսյանը մարզպետի պաշտոնից հրաժարական տվեց, քանի որ, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին։ Մարզպետի ներկայության հանգամանքն իրենց ցուցմունքներում պնդել են նաև 3 վկաները: Այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քննչական կոմիտեն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Սարգսյանը 2019 թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:
Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից
մեկի՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ հետապնդումը
դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ դրվագն անջատվել և ուղարկվել
դատարան։ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր
Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանին մեղավոր է ճանաչել և
դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Ավելի ուշ Գրիգորյանին մեղսագրվող
118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել
է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Ըստ էության՝ օրվա իշխանությունները և ողջ վարչական ապարատը յուրայիններին ամեն գնով պաշտպանելու նպատակով, մարտի են նետել իրենց անբարոյական ողջ գործիքակազմը և փորձում են ամենաստոր ու էժան շոուներով փրկել սեփական կաշին։ Փաստ է այն, որ մեր օրերում անամոթության ու ցինիզմի տարբեր դրսևորումների պակաս չունենք, որոնք ի կատար են ածվում իշխանությունը երկրում բռնազավթած օկուպանտների կողմից։ Աներկբա է նաև այն, որ մեր երկրում անպատժելիության մթնոլորտն իշխող վարչախմբի օրոք հասել է գագաթնակետին` քաղաքացու վրա թքելուց սկսած, դաժան սպանություններով վերջացրած, այն էլ պետական կարևոր պաշտոնյաների անմիջական մասնակցությամբ։ Սա է երկրի ու պետության իրական վարքը, թե չէ` միայն ժողովրդավարություն, բաստիոն ու նմանատիպ լոլոներ երգելով ու մեծ-մեծ խոսելով, հեշտ է «կռուտինտեր» անել։ Փաստ է, որ Նիկոլի իշխանության հենքն անբարոյականությունն ու անարժեքությունն է, որոնք ստանում են պետական հովանավորչություն։
Արմեն
Հովասափյան









