Երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ՝ 19 բեռնատարով։ Օգնությունը հասել է Կոռնիձորի մոտ՝ Լաչինի միջանցքի հատված։ Խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի ՝ շուրջ 8 ամիս շրջափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված։ Այդ մասին Կառավարության նիստի աշխատանքներից առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և ԼՂ։ Այս գործելակերպը անհասկանալի է և անընդունելի։ Միջանցքն արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե, իբր, Հայաստանն այն օգտագործում է ռազմական նպատակով։ Սա, իհրակե, անհեթեթ պնդում է։ Երեկ ԼՂ ուղարկված բեռների պարունակությունը հետևյալն է՝ 100 տոննա ալյուր, 60 տոննա շաքարավազ, 80 տոննա մակարոնեղեն, 40 տոննա բուսական յուղ, 40 տոննա կաթի փոշի, 20 տոննա աղ, 12 տոննա մանկական կեր, 9 տոննա դեղորայք։ Ընդհանուր առմամբ 361 տոննա։ Երևանից շարժվելուց առաջ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել և ծանոթացել են Շահումյանի հրապարակում կայանված այդ բեռնատարների՝ վերը հիշատակված պարունակությանը», ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի կողմից ԼՂ հումանիտար բեռի մուտքն արգելելը ապացուցում է, որ Ադրբեջանի նպատակը ԼՂ բնակչությանը սովի մատնելն է ու ցեղասպանության ենթարկելը։
«Սպասում ենք խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, քանի որ հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու՝ Բաքվի մտադրության մասին մտավախությունը»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ հումանիտար բեռների մուտքը ԼՂ կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին։









