Foto

Կարևոր է համատեղ ջանքեր գործադրել հաշմանդամություն ունեցողների համար հասանելի միջավայր ստեղծելու ուղղությամբ․ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին, մասնակցել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստին, որի շրջանակներում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց համար անձնական օգնականի ծառայության տրամադրումը Հայաստանում» խորագրով քննարկում:  Տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։

Միջոցառմանը մասնակցել են ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամներն ու ՄԻՊ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Կանադայի արտաքին գործերի նախարարության «Պրո Դեմ» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, Խորհրդարանական կենտրոնի (Կանադա) «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակներում ապահովվել է նաև կանադական կողմի մասնագետների առցանց մասնակցությունը միջոցառմանը։

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ալիսոն Լը Քլերն (նստավայրը՝ Մոսկվա) ու Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը, ովքեր մասնակցում էին առցանց ձևաչափով, շնորհակալություն են հայտնել Պաշտպանին նման քննակում կազմակերպելու համար՝ ընդգծելով ոլորտում հայ-կանադական համագործակցության կարևորությունը։ Կանադացի փորձագետները ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անձնական օգնականի ծառայության տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայությունների վերաբերյալ իրենց երկրի փորձը, ինչպես նաև համատեղ պարտականությունները Կանադայի դաշնային և նահանգային մակարդակների միջև՝ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության վերաբերյալ։

Անցկացվել է նաև հարցուպատասխան, որի շրջանակներում բարձրաձայնվել են ոլորտին առնչվող տարբեր բնույթի հարցեր:

ՄԻՊ աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բաժնի պետի ժամանակավոր փոխարինող Անի Օհանջանյանը ներկայացրել է Հայաստանում անձնական օգնականի ծառայության տրամադրման հետ կապված ՄԻՊ-ի կողմից արձանագրված խնդիրները, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները խոսել են այն մասին, թե ինչ խոչընդոտներ կան Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Քննարկման շրջանակներում ընդգծվել է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, իրենց համայնքում ներառվելու, այդ թվում` հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքների իրականացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության խթանման կարևորությունը:

Նիստի ավարտին Անահիտ Մանասյանը նշել է, որ քննարկման ընթացքում հնչած հարցերն ու առաջարկները կուսումնասիրվեն՝ վեր հանված խնդիրների լուծման տարբերակներ մշակելու նպատակով: