«Այն փաստը, որ Հայաստանը, որը գրեթե երեք տարի չի կատարում Ադրբեջանի
արևելյան շրջաններից դեպի Նախիջևան անխոչընդոտ տրանսպորտային ուղիներ բացելու իր պարտավորությունը,
այժմ տարբեր պատրվակներով ձգձգում է տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, ցույց
է տալիս, որ այս երկիրը չի հասկացել, որ շուրջ 30 տարվա ինքնամեկուսացման իր քաղաքականությունը
ոչ մի օգուտ չի բերում։
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ
և անվտանգությամբ, ապա պետք է վերջ դնի երեսպաշտությանը և կեղծ շահարկումներին և կատարի
իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղության գործընթացը հաջողությամբ
ավարտելու համար»։ Այս մասին ասվում է
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ՝ կապված Ավստրիայի եվրոպական և միջազգային
հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի
արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքների հետ։
Ստացվում է, որ Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ոճին և քաղաքականությանը, շարունակում է Հայաստանին մեղադրել մի
բանում՝ ինչն ինքն է մշտապես արել։ «Մեկուսացման քաղաքականություն վարել» ասելով՝ Ադրբեջանի
ԱԳՆ-ն, հավանաբար, նկատի ունի այն, որ Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունները
դրացիական չեն եղել։ Սակայն Հայաստանը, բացի Արդբեջանից և իր մեծ եղբայր Թուրքիայից, ունի ևս
երկու հարևան պետություն՝ Վրաստանը և Իրանը, որոնց հետ 30 տարի շարունակ ունեցել է դիվանագիտական, բարիդրացիական հիանալի հարաբերություններ։ Ինչը, առնվազն, չի կարելի ասել Արդբեջանի հասցեին։
Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՌՀՄ Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոցը հիշեցնում է․ «Оրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկությունը եղել է միակողմանի։ Հայկական կողմը, թեև ավելի շատ նախապայմաններ դնելու բարոյական իրավունք է ունեցել, սակայն չի արել։ Փոխարենըն առաջարկել է հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների։ Թուրքիան է երրորդ կողմի խնդիր առաջ քաշել՝ Արցախի հարց, Ցեղասպանության գործընթացից հրաժարում և այլն։ Ընդ որում, երրորդ երկրի խնդիրն առաջ բերել՝ դիվանագիտական միջազգային պրակտիկայում անընդունելի քաղաքականություն է»։
Դիվանագետը, զուգահեռներ տանելով մինչ 44 օրյա պատերազմը և դրանից հետո տիրող իրավիճկաների միջև, նշում է․ «Եթե նախկինում Թուրքիան, որպես հարաբերությունների կարագավորման նախապայման, առաջ էր քաշում Արցախի մի քանի շրջանների փոխանցումը, ապա հիմա դրանք ոչ թե նախապայմաններ են այլ պահանջներ՝ ընդ որում, անհամեմատ ավելի ընդգրկուն՝ Արցախից հրաժարում, միջանցքի տրամադրում, ՀՀ սուվերեն որոշ տարծքներից հրաժարում, Ցեցասպանության մասին մոռացություն, զինանշանի փոփոխություն և այլն։ Քաղաքական շրջանակներում նույնիսկ խոսվում է Սահրամանադրության փոփոխության մասին, որի պրեամբուլան հղում է անում անկախության հռչակագրին, որով էլ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է և այլն»։
Ադոնցը նկատում է, որ
հիմա հարևան պետությունները միայն նախապայմաններ առաջ քաշողի դերում են և Հայաստանի կողմից չեն ընդունի ոչ մի նախապայման։ Ավելին՝ դրան
զուգահեռ փակում են օդային տարածքը, այն դեպքում, երբ և՛ Թուրքիան, և՛ Արդբեջանն անխափան
օգտվում են ՀՀ օդային տարածքից և այլն։
Նկատենք, որ Ադրբեջանի
ԱԳՆ հաղորդագրությանը հայկական կողմը դեռ չի անդրադարձել։









