Foto

Ստամբուլում նախապատրաստվում են ավերիչ երկրաշարժին

Թուրքիայի իշխանությունները մտադիր են սկսել Ստամբուլի նախապատրաստումը՝ հնարավոր ավերիչ երկրաշարժին, որի մասին նախազգուշացրել են սեյսմոլոգները։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի բնապահպանության ու քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին։

Նրա խոսքերով՝ Ստամբուլը մտնում է աշխարհի ամենառիսկային քաղաքների տասնյակի մեջ՝ սեյսմիկ վտանգավորության տեսանկյունից։

Ստամբուլում հաշվարկվել է մոտ 5 մլն 800 հազար անկախ շինություն, որից 1,5 մլնը գտնվում է ռիսկային գոտում, իսկ 600.000-ը՝ բարձր ռիսկայնություն ունեցող գոտում։

Թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը հուլիսի 12-ին ասել էր, որ Մարմարի ծովի տարածքում կանխատեսվում են 7,2-7,5 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումներ, որտեղ տեղակայված է 17 միլիոնանոց քաղաքը։

Ստամբուլում երկրաշարժի կանխատեսվելու մասին տեղեկությունները տարածվեցին հատկապես այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։