Foto

Էլ ի՞նչ անի Արայիկ Հարությունյանը

Արցախը տոտալ շրջափակման մեջ է և ամեն օր մի կերպ լուծում է ֆիզիկական գոյության խնդիրը։  Հայկական երկրորդ հանրապետությունում մահացության թիվը կտրուկ աճել է՝ պատճառը թերսնումն է և ոչ պատշաճ բժշկական օգնությունը կամ դրա բացակայությունը։ Այդ նույն թերսնման պատճառով հղի կինը կորցնում երեխային, 2 երեխա մահացան միայն այն պատճառով, որ մայրը նրանց մենակ էր թողել՝ ոտքով քաղաք հասնելու և սնունդ հայթայթելու համար։ Շրջափակմանն ու բաժանված ընտանիքներին, առանց էլելկտրաէներգիայի, գազի, դեղորայքի ապրելուն, անսահման թանկ մթերքներին, կարծես, սովորել են։

Այս իրավիճում, դրա գլխավոր մեղավորներից և պատասխանատուներից մեկը՝ երկրի նախագահը, նստացույց է անում։ Արայիկ Հարությունյանն ասում է, որ իր քայլը միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար է։ Իսկապե՞ս, թե՞ կրկին ներքին լսարանին համոզելու, որ իրենք ամեն ինչ արեցին, բայց չստացվեց։ Սա չի՞ հիշեցնում պատերազմի օրերին՝ գնալ զինվորների հետ սուրճ խմելը և հետո հայտարարելը, որ երկրի նախագահի տեղն առաջնագծում չէ, որ ԱԱԾ հատուկ կարևորության ջոկատը հրաժարվել է կռվել և այլն։

Երեկ Արցախում խորհրդակցություն էր և, փաստորեն, որոշեցին, որ այլևս որևէ գործիքակազմ չի մնացել և նստացույցին միանալը լավագույն լուծումն է, քանի որ դրան միացավ նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։  Եթե երկրի բնակչության կողմից ընտրված ղեկավարն (անկախ այն փաստից, որ այլ պետություններ իրեն, որպես նախագահ չեն ընդունում) իր գործողություններով ցույց է տալիս, որ այլևս ոչինչ չունի անելու, ապա դրա հաջորդ քայլն առնվազն սիրելի պաշտոնը թողելն է կամ էլ հստակ գործողությոնների անցնելը։

Արայիկ Հարությունյանն ասում է, որ միջազգային հանրության, կառույցների ուշադրությունն է իր այդ քայլով  փորձում հրավիրել Արցախի խնդրի վրա։ Իսկ Արցախն այս իրավիճակին հասցնելու մեղավորի և պատասխանաուի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունն անգամ չի տալիս։ Միջազգային կառույցների առաջ Փաշինյանն ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, հայկական զորքը հանել է Արցախից և շարունակում է հայ-ադրբեջանական բանակցություններն՝ իր պատկերացմամբ խաղաղության պայմանագրի շուրջ։  Ինչո՞ւ Արցախի ժողովրդի ներկայացուցիչը, որպես իրավիճակի պատասխանատու չի հնչեցնում Նիկոլ Փաշինյանի անունը, ով դեռ այս իրավիճակում շարունակում է բանակցությունների գնալ Ադրբեջանի ղեկավարի հետ։

Եթե Արայիկ Հարությունյանը հասկանում է, որ ցանկացած գործիքակազմ սպառել է, որ սա 21-րդ դարի ցեղասպանություն է, կորցնելու էլ ոչինչ չունեն և հրաժական չի տալիս, ապա առաջ է գալիս կա՛մ մահ, կա՛մ ազատություն թեզը։ Հաջորդ քայլը պիտի լինի ապստամբությունը, կոնկրետ գործողություններ՝ միջանցքը բացելու համար, որն էլ նոր 1988թ-ի շարժման սկիզբ կարող է դառնալ։ Սեփական անկարողությունը ժողովրդին կամ միջազգային հանրությանը վերագրելը, որևէ դրական տեղաշարժի չի բերելու։

Արայիկ Հարությունի այս քայլը, որը ՀՀ իշխանության հետ հետհամաձայնեցված հեթականներից է, հետագայում էլ կարող է կրկնել Նիկոլ Փաշինյանը և ասել, որ արեց ամեն ինչ և ոչինչ չստացվեց։ Այստեղ միջազգային հանրությունն իրոք անհանգստության առիթ կունենա, որովհետև հիմնադրման օրվանից միջազգային որևէ կառույց պատկերացնել անգամ չի կարող, որ պատասխանատուն այդ կերպ կխուսափի պատասխանատվությունից և ներքին լսարանի համար դա ընդունելի լինի։

Հեղինակ: Աննա Ավետիսյան