ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՐՑԱԽԻՑ

Այս կարգախոսով է պետք այս պահին սատարել Արցախին։
Ոչ մի օտարի հորինած քաղաքական, անվտանգային, հումանիտար պառակտող պահանջ էլ պետք չէ։
Խորը թաքցրեք մյուս բոլոր պաստառները, թեկուզ կարճ ժամանակով։ Այս կարգախոսը կճշտի հայ հասարակության ջրբաժանը՝ սրտացավ մարդկանց դուրս կբերի «Իմ մի աչքը հանեք՝ հարևանի երկուսը» մոլոր տեղապտույտից»։
Երեք նախկիններն ու վերջին գործողը Արցախ բառը բերաններին են եկել իշխանության։
Նրանցից ոչ մեկը աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանից թող լավը չլինի, որ Արցախի համար հացադուլի էր նստել։
Եթե ձեռքներից ուրիշ բան չի գալիս, թող գան Հանրապետության հրապարակի կենտրոնում, կողք կողքի սուս ու փուս նստեն, իրենց գլխին զոնտիկ պահողներով։
Միայն մի պաստառ բոլորի գլխավերևում. «Ձեռքներդ հեռու Արցախից»։
Ու կտեսնեք, թե ինչպես են հրապարակում հավաքվում եթե ոչ նրանց հայտարարագրած տասնյակ, հարյուր հազարավոր կուսակիցները, ապա հայ ժողովրդի հավատարիմ զավակների կուռ բազմությունը։
Չե՞ն գա, ամեն ինչ կարվի առանց իրենց՝ այժմ և միշտ հավիտյանս հավիտենից։