Հայաստանում ապրող սիրելի՛ հայրենակիցներ, Արցախը յուրաքանչյուր հայի համար բացառիկ արժեք և սրբություն է։ 35 տարի առաջ Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու մայր հայրենիքին։ Այդ ցանկությունը վաղեմության ժամկետ չունի։ Դա սրբագույն երազանք ու նպատակ է, որ պետք է իրականություն դառնա։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային՝ իր այդ սրբագույն երազանքի հետ։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած անժամկետ համաժողովրդական շարժանն ունեցած իր ելույթում նման կոչով հանդես եկավ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզնից շատերն իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղված։ Սիրելի քույրեր և եղբայրներ, խնդրում եմ, վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վեր ելեք՝ պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար։ Ամենուրեք ասում էին՝ այլևս երբեք․․․ Պարտադրեք նրանց հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին։ Այս ամենն էկրաններից այն կողմ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեզ քույրերի ու եղբայրների՝ ամեն օր խեղվող ճակատագիրն է։
Եվս մեկ անգամ շեշտելով Արդբեջանի կազմում Արցախը ներառելու անհնարինության, անթւոյլատրելիության մասին՝ Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց․
«Բոլոր նրանք, ովքեր դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատասխանեն՝ արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաների կյանքը նացիստական Գերմանիայում․ Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որի հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայի նկատմամբ ատելությամբ։ Դրանում բոլորը վաղուց արդեն պետք է համոզված լինեին։ Սա 21-րդ դարում իրականացվող ամենամեծ ողբերգություններից մեկն է»։
ՄԻՊ-ի այս խոսքերն հավաքված բազմահազարանոց ժողովուրդը ողջունեց ծափերով։
Ստեփանյանը հորդորեց՝ խոսելու փոխարեն՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Արցախում վերահաս ողբերգությունը կանխելու համար։
«Անտարբերությունը հավասարազոր է մեղսակցության և հիշեք՝ անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։Արցախն ապրելու է՝ հեճուկս բոլոր չկամների և ի փառս համայն հայության»,իր ելույթը եզրափակեց Արցախի ՄԻՊ-ը։









