Foto

Արևմուտքը ԼՂ խնդրի լուծումը պետք է քննարկի ՌԴ-ի հետ, բայց Մոսկվան պետք է ազդակ հղի, որ պատրաստ է համագործակցել. Ուորլիք

ԼՂ խնդրի տևական լուծման հասնելու համար անհրաժեշտ է քննարկել այդ հարցը Մոսկվայի հետ, բայց վերջինը պետք է ազդակ հղի Վաշինգտոնին և Բրյուսելին, որ պատրաստ է համագործակցել։ NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Ռուսաստանը շեշտում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդելով՝ Արևմուտքը նպատակ է հետապնդում նվազեցնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում, Միացյալ Նահանգներն էլ Եվրամիությանն է դիտարկում որպես վստահելի գործընկեր։ Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է տևական կարգավորման հասնել առանց Ռուսաստանի ներգրավվածության՝ հաշվի առնելով, որ ռուսական խաղաղապահ ուժերն են տեղակայված Արցախում՝ հնարավոր դարձնելով այնտեղ հայության կյանքը, Ուորլիքը նկատեց՝ հնարավոր չէ անտեսել Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում։

«Ռուսաստանը հիմա չափազանց զբաղված է։ Ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև Եվրամիության հարաբերությունները Ռուսաստանի հետ պատմական ամենացածր կետում են։ Գնդակը Մոսկվայի դաշտում է։ Եթե Ռուսաստանը ցանկանում է արդյունավետ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի խնդրի ամբողջական կարգավորման գործընթացում, ապա պետք է այդ ազդակը հղի Վաշինգտոնին ու Բրյուսելին, և լինի ոչ թե միակ դերակատարը, այլ արդյունավետ դեր ունենա գործընթացում։ Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերն են հիմա կանգնած, և որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել պատերազմը կանգնեցնելու հարցում։ Մենք այդ իրողությունն անտեսել չենք կարող, բայց Մոսկվան պետք է ազդակ հղի, որ պատրաստ է Վաշինգտոնի և Բրյուսելի հետ համագործակցելով արդյունավետ դեր ունենալ տևական կարգավորման հասնելու գործում, որի կարիքն ունի տարածաշրջանը։ Անկեղծ, ես վստահ չեմ, որ Մոսկվան պատրաստ է նման ազդակ հղել, և կասկածներ կան Մոսկվայի մտադրությունների առնչությամբ»,- նշեց Ուորլիքը։

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը, միևնույն ժամանակ, համոզված է, որ ԼՂ խնդրի տևական լուծման հասնելու համար անհրաժեշտ է քննարկել այդ հարցը Մոսկվայի հետ։

«Սա այն շատ քիչ խնդիրներից է, որի դեպքում Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելն իսկապես կարող են համագործակցել և հասնել այնպիսի լուծման, որը կբխի բոլորի շահերից»,- շեշտեց Ուորլիքը։