Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը ուղարկել երկրի խորհրդարան, Վիլնյուսի գագաթնաժողովի բացման նախօրեին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ուրախ եմ հայտնել, որ նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը հնարավորինս շուտ ուղարկել Ազգային մեծ ժողով և սերտորեն աշխատել՝ վավերացումն ապահովելու համար», - ասել է Սթոլթենբերգը մամուլի ասուլիսում։
Երկուշաբթի Լիտվայի մայրաքաղաքում դաշինքի գագաթնաժողովից առաջ հանդիպելով Թուրքիայի նախագահ և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ՝ Սթոլթենբերգը փորձել է ելք գտնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:
Հիշեցնենք, որ դաշինքին միանալու հայտ էին ներկայացրել Շվեդիան և Ֆինլանդիան անցյալ տարի։ Բայց մինչ Ֆինլանդիան կանաչ լույս ստացավ դաշինքին միանալու համար ապրիլին, Թուրքիան և Հունգարիան հրաժարվեցին վավերացնել Շվեդիայի դիմումը։
Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում էր բանակցել Էրդողանի հետ։
Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր համոզմունքն է հայտնել, որ «Վիլնյուսում հնարավոր է Շվեդիայի վերաբերյալ դրական որոշումը»։
Էրդողանը ամիսներ շարունակ պնդում է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է նախորդ տարվա ամռանը Մադրիդում դաշինքի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնության իրականացումից՝ հավելելով, որ Անկարայից ոչ ոք չպետք է զիջումներ սպասի։
Էրդողանն ասել է, որ Շվեդիան բավարար միջոցներ չի ձեռնարկել այն անձանց դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, հիմնականում Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին:
Երկուշաբթի օրը Էրդողանն ասել է, որ ԵՄ-ն պետք է Անկարայի համար ճանապարհ բացի դաշինքին միանալու նախքան Թուրքիայի խորհրդարանը հաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն ավելի ուշ համաձայնել է փաստաթուղթն ուղարկել վավերացման:
Աղբյուր՝ News.am