Foto

Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել. Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ  ՔՊ խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծին.

«7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հանրապետության համար անկարող բանակցող, 2 տարի Հայաստանի ինքնիշխան տարածքները Ադրբեջանին թողած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննարկում է իմ՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը: Ես չեմ կարող մասնակցել ԱԺ նիստին:

Իսկ ի՞նչ «հանցանք» եմ գործել ես. ըստ ՔՊ խմբակցության՝ ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն 8-ին եմ մասնակցել: Կհարցնեք՝ ինչու. որովհետև «Պատիվ ունեմ»  խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, ու ես, լինելով խմբակցության անդամ, բնականաբար, բոյկոտել եմ ԱԺ խորհրդի նիստերը:

Այդ նիստերում ևս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, և որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաև հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ

հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք: Մյուս կողմից ընդգծեմ նաև, որ «ԱԺ կանոնակարգ»-ը ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ մասնակցել խորհրդի նիստերին: Այս ընթացքում 3 անգամ Հանձնաժողովը որոշել է առաջարկել  Ազգային ժողովի խորհրդին՝ հանձնաժողովում քննարկված ու եզրակացություն ստացած նախագիծն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ներառելու համարև ֆիզիկապես նիստերին մասնակցելը ոչինչ չէր փոխում: Ավելին, վստահաբար չի տուժել ՄԻՊ հանձնաժողովի գործունեությունը, որը, ամենատարբեր հարցումներով, ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՑ ՄԵԿՆ է կամ հենց առաջինն է ՀՀ ԱԺ-ում:

Միայն եթե թվերի լեզվով ներկայացնեմ, ապա կազմակերպել եմ 22 աշխատանքային քննարկում, 13 հանձնաժողովի նիստ, որից 11-ը՝ արտահերթ, 75 հանդիպումներ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որտեղ բարձրացրել եմ Արցախի հանրապետության և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքները, մոտ 100 դատապարտող հայտարարություններ եմ արել ինչպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների, այնպես էլ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված իրավախախտումների վերաբերյալ: Ինչպես նաև ներպետական ատյանների կողմից ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին:

Մինչև 100 քաղաքացիների ընդունելություն եմ իրականացրել և ԱԺ համապատասխան

բաժնում, և իմ աշխատասենյակում, և մարզերում: 372 քաղաքացու նամակին՝ պատասխանել:

Բազմաթիվ այցեր եմ ունեցել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, մի քանի տասնյակ այցեր տարբեր մարզեր, տասնյակ հանդիպումներ ուսանողների և աշակերտների հետ:

1300-ից ավելի գրություններ են հասցեագրվել միջազգային կառույցներին, որոնցից միայն 800-ը Արցախի Հանրապետության եև ժողովրդի խախտված իրավունքների մասին: Եվ այս պայմաններում ՔՊ-ականները գրում են, թե հանձնաժողովի գործունեությունը տուժել է:

Ինչ վերաբերում է նախագծի մյուս «հիմնավորմանը», ապա ասեմ, որ ես ՉԷԻ ԿԱՐՈՂ ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը ԱՐԳԵԼԵԼ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին իր ելույթի ժամանակ որևէ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անել այնպես, ինչպես ՉԿԱՐՈՂԱՑԱ ԶՍՊԵԼ խուլիգանական վարքագիծ դրսևորած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հրապարակավ ՍՊԱՌՆԱՑ կտրել Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները: Ես պարզապես չէի կարող որևէ մեկի բերանը ձեռքով փակել, թեև Էդգար Ղազարյանից ուղիղ եթերում ՊԱՀԱՆՋԵՑԻ ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից:

Իհարկե, ՔՊ-ականների 40-հոգանոց ներկայությունը ապրիլի 4-ի հանձնաժողովի նիստում արդեն վկայում էր այն մասին, որ ՔՊ-ն ինձ թիրախավորել է և պլաններ ունի: Ուստի, այսօրվա նիստն անակնկալ չէ ինձ համար:

Անակնկալն այն համառ անտարբերությունն է, որը ցուցաբերվում է մարդու իրավունքների բացահայտ խախտումների նկատմամբ իրավապահների կողմից:

.ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 2-ին թքեց Կարեն Մկրտչյանի վրա, մինչ օրս անպատիժ է:

.Հուլիսի 4-ին ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ընդդիմադիր թեկնածուի լեզուն և ականջները, դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին, բայց մինչ օրս անպատիժ է:

.Հովիկ Աղազարյանը ապրիլի 17-ին համացանցում հայհոյեց կանանց, բողոքարկեցին, մինչ օրս անպատիժ է:

Ու այս ցանկը շատ երկար կարելի է թվարկել...

Այսքանից հետո, թերևս օրինաչափ է, որ նման արժեհամակարգի կրող իշխանությունը խորհրդարանական Մարդու իրավունքների հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահի լիազորություններն է դադարեցնում՝ անհիմն:

Իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ տեսնել, քանի որ 2020-ից հրաժարվեցի հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնալ: Բայց ինձ չե՛ք վախեցնի, չե՛ք լռեցնի: Ազատ խոսքն ու քաղաքական ազատությունն ինձ համար անփոխարինելի արժեքներ են: Ասել եմ, ասելու եմ այն, ինչ մտածում եմ:

Հ. Գ. Այսօրվա ԱԺ նիստին ես չեմ մասնակցի (անաշխատունակ եմ մինչև հուլիսի 15-ը): Ինձ վերաբերվող նախագիծը կքննարկվի իմ լսված լինելու և իմ խոսքը ԱԺ ամբիոնից ընտրողներին հասցնելու իրավունքների կոպտագույն խախտմամբ»: