Foto

Պոպուլիզմը կործանում է հենց պոպուլիստներին


Այն ինչ Հայաստանում տեղի է ունենում վերջին 5 տարում  և փայլուն կերպով կիրառվում է իշխող ռեժիմի կողմից, ոչ թե զուտ պոպուլիզմ է, այլ՝ էժան պոպուլիզմ։ Պոպուլիզմի ու դրա գերակայության շնորհիվ քաղաքական զարգացումների էպիկենտրոնում հիմնական խաղացողներ են դառնում էքսցենտրիկներն ու շոումենները։ Հայաստանյան իրականության մեջ տեղի ունեցած իրադրություններն ու ընդհանուր զարգացումներն իրար կողք համադրելուց պարզ է դառնում, որ իշխանության իրականում գոյություն չուն, կա միայն նրա ստվերը:

Պոպուլիզմը միշտ ծնում է ցինիզմ, որովհետև, եթե չունես զարգացման կոնկրետ հայեցակարգ, անընդհատ պետք է թիրախավորես անձանց կամ կոնկրետ երևույթներ, խոսես ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն աղերս չունեն իրականության հետ։ Որպես կանոն՝ ամեն մի ցավալի իրադարձության շուրջ առաջանում է երեք տիպի ռեակցիաանկեղծ մտահոգություն, քաղաքական շահարկում և դավադրության տեսություն

Փաշինյանական ցինիզմի առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ նա այդ մանիպուլյատիվ ստերի չափաբաժինը կյանքի է կոչում մի առանձնահատուկ էնտուզիազմով ու բերկրանքով: Այնպիսի տպավորություն է, որ նա դրանից հաճույք է ապրում։ Նիկոլի հիմնական նպատակը երկրում գոյություն ունեցող քաոսի խորացումը և այդ քաոսում սեփական օրակարգը՝ պետականության հիմնովին ու խորքային կազմաքանդումը, վերջնական փուլի հասցնելն է։ Հավատացեք, նա ոչինչ հենց այնպես չի ասում, ոչ մի հնչեցրած միտք պատահականություն չէ։

Թոմսոնի հայտնի բանաձևումն ասում է՝ «Եթե մարդիկ իրավիճակը սահմանում են որպես իրական, և գործում են՝ ելնելով այդ իրավիճակից, ապա իրենց գործողությունների հետևանքներն իրական կլինեն՝ անկախ նրանից, թե որքան անիրական կարող է լինել իրավիճակից կախված որոշումը»։ Բայց սա նշանակում է, որ պոպուլիզմն ու ցինիզմը կարող է նաև առաջանալ՝ հիմնվելով զուտ երևակայական ներկայացուցչական բացերի վրա։

Ասվածի մասին ժամերով կարելի է խոսել և ավելի երկարաշունչ ու էլ ավելի բովանդակային հիմնավորումներ ներկայացնել, բայց մի բան փաստ է. երբ քաղաքական գործիչը բացահայտ հայտարարում է, թե ինքը չունի քաղաքական գաղափարախոսություն և չի դավանում որևէ «իզմի», իր համար դրանց հետևանքները լինելու են անդառնալի ու կործանարար, ինչպես, օրինակ, Իտալիայի և Հունաստանի առանց «իզմ» պոպուլիստ վարչապետների դեպքում էր։

Արմեն Հովասափյան