Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացման շահագրգռվածության մասին
Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ. Այս մասին կիրակի օրը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանա-իրանական հարաբերությունները Բաքվի համար շատ կարևոր են տարածաշրջանային զարգացման և անվտանգության տեսանկյունից, Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ, վերջին շրջանում երկու երկրների միջև լարվածություն է առաջացել, ինչի համար կային շատ լուրջ պատճառներ։ <…> Մենք տեսնում ենք Իրանի մտադրությունը լուրջ քայլեր ձեռնարկել տարաձայնությունների վերացման ուղղությամբ, այդ դեպքում Ադրբեջանը համարժեք փոխադարձ քայլեր կձեռնարկի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի այցը Ադրբեջան, նրա մասնակցությունը Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հուլիսի 5-6-ին, ինչպես նաև Իրանի դիվանագիտության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Նրա խոսքով, այս հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք լարվածություն էին առաջացրել երկու երկրների միջեւ։
Բայրամովը հայտնել է, որ մոտ ապագայում Աստարա քաղաքում տեղի կունենա տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության երկկողմ պետական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը, որին, մասնավորապես, կքննարկվեն տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցերը։
Բաքվի և Թեհրանի հարաբերությունները հատկապես սրվել են այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության անվտանգության պետը և վիրավորվել նրա երկու գործընկերները։ Միջադեպից հետո Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը, իսկ նրա աշխատակիցներն ու նրանց ընտանիքները տարհանվել են Ադրբեջան։ Ապրիլի սկզբին Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի։ Իրանական կողմը նույնպես պատասխան քայլի է դիմել՝ արտաքսելով նաեւ չորս ադրբեջանցի դիվանագետների