Foto

Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու․

«Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման… Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության։ Արցախցիների մեծամասնությունը հավատացել է ոչ թե Հայաստանի ղեկավարին կամ Արցախի ղեկավարին, այլ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին, որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ», - գրել է Պետրոսյանը․

«Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում», - նշել է նա։