Foto

Քաղաքապետարանն արձագանքել է անորակ ասֆալտի մասին տեսանյութին

Շինարար Արթուր Չախոյանը տեսանկարահանել է Երևանի Մուրացան և Էրեբունի փողոցների խաչմերուկի հատվածը, որտեղ, ըստ իրեն, նոր են ասֆալտապատում արել, սակայն մեծ փոսեր ու նստվածքներ են առաջացել, իսկ ասֆալտն էլ, անորակ լինելու պատճառով, փշրվում է: Նա ցույց է տալիս փողոցի վիճակն ու ասում. «Սա նոր ասֆալտապատված փողոցն է ու տեսնում եք՝ ինչ վիճակում է գտնվում: Ես համոզված եմ, որ սրանում հաստատ Երևանի քաղաքապետարանը մեղավոր չի: Կարող է մեղավոր լինեն նախկինները, բայց ոչ Երևանի քաղաքապետարանը: Այս տեսարանը շարունակվում է ասֆալտապատած փողոցի մյուս հատվածներում: Ու սա նոր վերանորոգած փողոց է, որով նոր ավտոբուսներն են երթևեկում: Հետո, որ ավտոբուսները փչանան, զարմանալու են, թե ինչու այսպես շուտ փչացան: Ամեն տեղ նստվածք ու փոսեր են:  Բա երևանի քաղաքպետարանն ինչով է զբաղվում, տեխհսկողներն ուր են»: Այնուհետև Չախոյանը նկարահանում է նաև Սևանի փողոցը՝ «Երևան» տոնավաճառի մոտ, որտեղ ավելի վատթար վիճակ է, որը շրունակվում է 1,5 ամիս:

Vesti.am-ը Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանից տեղեկացավ, որ այդ փողոցն ասֆալտապատելու համար մրցույթում հաղթող ընկերությունը քաղաքի բյուջեից ոչ մի լումա չի ստացել, քանի որ աշխատանքներն ավարտված չեն, իսկ փխրուն ասֆալտը ժամանակավոր լուծում է։

«Ինչ վերաբերում է փողոցի մեջտեղի հատվածին, դա այնքան էլ քաղաքապետարանի խնդիրը չէ։ Ջրատար է վնասվել, «Վիոլիա ջուր» ընկերությունը քանդել է, հիմա հողային շերտ է լցված, դա պետք է նստի, որ վրայից ասֆալտ արվի։ Կախված մի շարք գործոններից՝ նստեցման պրոցեսի ավարտից հետո, ենթադրում եմ, որ մյուս շաբաթվա մեջ արդեն ասֆալտապատված կլինի ճանապարհը»,- նշեց Լևոն Սարդարյանը։

Թե ո՞ր ընկերությունն է տվայլ ճանապարհահատվածը սպասարկում Սարդարյանը դժվարացավ նշել։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան