Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է ԵՄ գագաթնաժողովը Բրյուսելում, նրա մամուլի ասուլիսը չեղարկվել է, նա պատրաստվում է կառավարության նիստին՝ երկրում անկարգությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է LCI ռադիոկայանը։
«Մակրոնը լքել է Եվրոպական խորհուրդը։ Նրա մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Նրան սպասում են... Փարիզում, որտեղ նա կգլխավորի միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստը»,– ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում ճանապարհային ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, ով, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Արդյունքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Երիտասարդները հրկիզել են մեքենաներ, ոստիկանության և կառավարական շենքեր։
Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։ Ուրբաթ գիշեր ձերբակալվել է ավելի քան 600 իրավախախտ:









