Foto

Ինքնախոստովանական ցուցմունքի հետքերով


Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հինգ ժամից ավելի, անհոգնել խոսեց՝ ստերի նոր չափաբաժին նետելով հանրային տիրույթ։ Նրա խոսքում «սկանդալային» ու «սենսացիոն» բացահայտումներ չկային, ընդամենը՝ ճիշտ կառուցած ու դերաբաշխած շոու էր։ Բանն այն է, որ մամուլում դեռևս օրեր առաջ գրվեց այն մասին, որ, քննիչ հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման տեղեկատվական դաշտի կողմից արհամարված լինլու փաստով պայմանավորված, թիմին հատուկ հանձնարարություն էր տվել՝ տեղը տեղին նախապատրաստվել հունիսի 27-ի նիստին։ Թեև Փաշինյանը փորձում էր հարցերին «բովանդակային» մեկնաբանություններ անել, այնուամենայնիվ ստացվեց նույն դատարակախոսությունը և հերթական մանիպուլացիան։

Եկեք հասկանանք, թե ի՞նչ խնդիր է լուծում նա։ Առաջին և ամենակարևոր խնդիրն Արցախի հարցից վերջնական հրաժարման հաստատումն է, երբ բերանացի ասում է, թե «հասկանալով, որ բանակցություններն այլևս փակուղում են, իշխանությունը փոխանցեցին ինձ»։ Նման ստոր ու պիղծ թեզի տիրաժավորումը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նոր խոսույթի շահարկման կարիք ունի և փորձում է ստեղծված իրավիճակի համար դարձյալ մեղավոր նշանակել «նախկիններին»։ Տեսեք, նա բանակցային ողջ գործընթացը ոչ միայն «ջրում» է, այլև բացառապես ադրբեջանական թեզեր է գեներացնում, օրինակ՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը դարձնելով իր խոսքի հիմնական առանցք։ Դրանից բացի, Նիկոլի ոչ մի, կրկնում եմ, ոչ մի պնդում խորքային հիմք չունի՝ ընդամենը «պասերով» թեմաներ էր բացում՝ որոնք շատ կարճ ժամանակում և առաջիկա շաբաթներում իր թիմակիցների կողմից կտարածվեն տարբեր հարթակներում և սոցցանցերում։

Նաև հասկանալ է պետք, թե ինչու՞ է հենց այս փուլում որոշել գնալ քննիչ հանձնաժողով և նման ինքնախոստովանական ցուցմունքներով հանդես գալ։ Սա արվում է մի  նպատակով՝ Ադրբեջանի հետ տարվող հակահայկական գործընթացների համար անհրաժեշտ է ներքին լսարանին «զբաղմունք» տալ, որ խոսեն, ևս մեկ անգամ հիշեն «թալանչիներին» ու «կեղեքիչներին»։

Մյուս կարևոր դրվագը, որն իր խոսքում զարգացնում էր Փաշինյանը, բարձրագույն զինվորականության նկատմամբ քննադատության նոր ալիք բարձրացնելն է։ Նա պատերազմական մի քանի դրվագների մասին նախ խոսեց «գաղտնի գրիֆով»՝ փորձելով ինտրիգ մտցնել, իսկ ավելի ուշ, առանձին դրվագներով, հնչեցրեց պատերազմի ժամանակ կոնկրետ շրջաններում տեղի ունեցած գործողություններ։ Ակնհայտ է, որ թիրախում գեներալներն են և, անկախ այն հանգամանքից, թե ներկա փուլում որ գեներալն է համագործակցում քննիչ հանձնաժողովի հետ, ով՝ ինչ ցուցմունքով է հանդես եկել, ակնհայտ է, որ Նիկոլը բոլորին զոհաբերելու է՝ իր իշխանությունը երկարաձգելու համար հերթական տեսարանն ապահովելու նպատակով։

Արմեն Հովասափյան