Foto

Քայլեր ձեռնարկեք ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար․ դիմում եմ միջազգային հանրությանը

Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մինչ Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի կերպով արգելափակված մնալ, այս գիշեր Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել․
«Հունիսի 28-ին՝ ժամը  01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ 
Հայկական կողմն ունի 4 զոհ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար»: