Foto

ԱԹՍ-ների հարվածից զոհված Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը չորս երեխա ունեն

Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ գիշերը կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանն Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից են։

«Երկուսն էլ կամավորականներ էին, աշխարհազորի կազմում էին ընդգրկվել՝ բնականաբար 44-օրյա պատերազմից հետո․․․ Եվ Գագիկը, և Արմոն բազմազավակ հայրեր էին՝ ամեն մեկը չորս զավակ ունի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գիշիի համայնքապետ Սերոբ Աղաբեկյանը։

Արցախի պաշտպանության համար նահատակված Արմոն 1969թ․ ծնունդ էր, իսկ Գագիկը՝ 1987 թվականի․․․

Գագիկի չորս զավակներն էլ, ինչպես նշեց համայնքապետը, անչափահաս են։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն առավոտ վաղ հաղորդեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 4 զոհ: Քիչ անց հրապարակվեցին նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված տղաների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան,Գագիկ Բալայան։