Foto

«Վագների» ծանր տեխնիկան կփոխանցվի ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ծանր զինտեխնիկան կփոխանցվի ՌԴ զինված ուժերին։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ «Վագներ» ՄՌԿ-ի ծանր ռազմական տեխնիկան ՌԴ գործող զինված ստորաբաժանումներին փոխանցելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի տելեգրամի ալիքում հայտնվեցին մի քանի աուդիո ձայնագրություններ, որոնցում նա պնդում էր, որ իր ստորաբաժանումներին հարվածներ են հասցվել՝ դրա համար մեղադրելով Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը։ Ապա իր հսկողության տակ վերցրել Ռոստովը, ծանր ռազմական տեխնիկայով շարժվել Մոսկվայի ուղղությամբ։ ԱԴԾ-ն նրա դեմ քրեական գործ է հարուցել զինված ապստամբություն հրահրելու համար։

Նույն օրը երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ։ Արդյունքում մշակվել է իրավիճակի դեէսկալացիայի ծրագիր, Պրիգոժինը դադարեցրել է զինված ստորաբաժանումների շարժը, իսկ ԱԴԾ-ն կարճել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործը։