Բաքվի հետ ապագայում ստորագրվող պայմանագրում Երևանի համար պարտադիր ու ամենասկզբունքային երեք կետեր կան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«1. Կոնկրետ ու հստակ քարտեզ, որը դրված կլինի երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիմքում։
2. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի գործադրմամբ։
3. Պայմանագրում ներառված կետերի կատարման երաշխիքների ինստիտուտի ձևավորումը»,- թվարկեց նա։
Այս առումով Ռուբինյանը հիշեցրեց նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ադրբեջանական կողմից խախտելու օրինակները։









