Հռոմի ստատուտի հարցով ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել, իսկ ԱԺ միջազգային պայմանագրի վավերացում ենթադրող օրենքը ներկայացնելը բացառապես կառավարության իրավասության տիրույթում է։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսին այս մասին հայտարարել է ՀՀ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Կներկայացվի նախագիծ, նախագիծը կքննարկվի ԱԺ-ում և համապատասխան որոշումը կկայացվի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է արդեն իսկ լրացած եռամսյա ժամկետներին՝ Վարդանյանն ասաց, որ միջազգային պայմանագրերի պարագայում այդ առումով խնդրահարույց է որևէ դիտողություն անելը կամ վերաբերմունք դրսևորելը, քանի որ դրանք պայմանավորված կարող են լինել միջազգային մի շարք իրավական ու այլ գործընթացների հետ։
Այդ առումով, պատգամավորն ամենաարդյունավետը համարում է սպասելը գործընթացի իրականացմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավական պարտավորություններն համահունչ էին ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը։









