Foto

Ինչո՞ւ է իշխանությունն ամեն գնով խաչընդոտում «Հայաքվե» նախաձեռնության գործունեությանը

«Հայաքվե» նախաձեռնությունն ահազանգում է՝ ԿԸՀ-ն խոչընդոտում է իրենց գործունեությանը։

«Երևանի վարչական շրջանների մի շարք ղեակավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար ոմն Լևոն Հովհաննիսյանի վրա, իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ  տրամադրել ստորագրահավաքի համար: Թեև դա «Հանրաքվեի մասին» օրենքի իմպերատիվ պահանջ է և իրենց սահմանադրական պարտականությունն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Հանրաքվեի մասին օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ այդ նպատակով ստորագրահավաքն իրականացվում է ՏԻՄ մարմինների տարածքում, որոնք պարտավոր են տարածք տրամադրել:

«Լկտի կերպով խոչընդոտելով «Հայաքվե»-ին, այս վարչակարգը այն անխուսափելիորեն  դարձնում է քաղաքական գործընթաց՝ դրանով ի ցույց դնելով իր վախերը, քանի որ այս վարչակարգը չի սպասում, որ  օրինագիծը մտնի ԱԺ և դրվի քվեարկության, քանի որ ակնհայտ մտավախություն ունի, որ ԱԺ-ն ևս կարող է կողմ քվեարկել օրինագծին: Գուցե, ստորագրահավաքը խոչընդոտելու դրդապատճառներից մեկն էլ այն է, որ նրանք նույնիսկ վստահ չեն իրենց պատգամավորների քվեարկության հարցում, գուցե վախենում են, որ սեփական պատգամավորների մի մասը վերջապես ճամբարափոխ լինի և անցնի ժողովրդի կողմը»,- հայտարարեց Չալաբյանը:

Ըստ Չալաբյանի՝ «Հայաքվե»-ին տարածք տրամադրելուց հրաժարվել են Ավան, Նոր-Նորք, Աջափնյակ և Նուբարշեն վարչական շրջանների ղեկավարները։

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, արձագանքելով Չալաբյանի հայտարարությունը, նշել է «Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով: Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»։ Ի պատասխան՝ «Հայաքվե» նախաձեռնությունն էլ հրապարակել է գրություններ, որ ստացել է վարչական շրջանների  ղեկավարներից, որտեղ նշված է, որ իրենց լրազորություններից հարցը դուրս է և, բացի այդ, ազատ սենյակ չունեն։ 

Մասնագետների կարծիքով՝ եթե, ամեն դեպքում, «Հայաքվե»-ին տարածքներ չտրամադրվի, ապա խախտումը համարվում է վարչական և պետք է դիմել Վարչական դատարան, իսկ եթե կա նաև քրեական օրենսգրքի խախտում, ապա պետք է ներկայացվի համապատասխան հաղորդում՝ հանցագործության մասին։ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն էլ կարող են դիմել ՍԴ։

Ակնհայտ էր, որ «Հայաքվե» նախաձեռնության գործունեությունը խոչընդոտվելու էր իշխանության կողմից։ Սրանից ելնելով՝ քաղաքացիները պետք է հետևություն անեն, թե ի՞նչն է մերժում իշխանությունը։ Ի վերջո, ԿԸՀ-ն ստորագրահավաքի ժամկետ է սահմանել՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։ Եթե տարբեր ատյաններում հետաձգվի հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, ապա նախաձեռնությունը կձախողվի և իշխանությունը դա հաստատապես կօգտագործի քաղաքական նպատակներով՝ իբր ժողովուրդն անվերապահորեն աջակցում է իրենց։ Այնինչ «Հայաքվեն» ընդամենն առաջարկում է քրեականացնել ՀՀ և Արացխի տարածքի հանձնումը և Ցեղասպանության ժխտումը։

Հիշեցնենք՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ընդամնը 50 000 քաղաքացու ստորագրություն։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան