Foto

Նիկոլի ձեռքի «համրիչները»

Ընդունված պրակտիկա է, որ յուրաքանչյուր իշխանություն քաղաքական տիրույթում ունենում է իր քվազիընդդիմադիրները, որոնք պարբերաբար «քննադատում» են օրվա իշխող վերնախավին՝ դրա դիմաց որոշակի պատասխան «շնորհակալություն» ստանալու ակնկալիքով։ Սա, հատկապես, ընդունված պրակտիկա է հետսովետական տարածաշրջանի քաղաքական համակարգերում։ Այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում մի սեգմենտ կա, ով կիսաթաքուն, ամենակարկառուն նիկոլականից ավելի ինքնամոռաց է պաշտպանում փաշինյանական աթոռը։ Օրինակները բազմաթիվ են։  

Բանը հասել է նրան, որ Փաշինյանի երբեմնի թիվ մեկ քննադատ հռչակված Էդմոն Մարուքյանի քաղաքական հիմնարկը դարձել է Նիկոլի սազանդարը և արդեն անթաքույց ոչ միայն սատարում ու աջակցում է նրա կողմից տարվող ազգակործան քաղաքականությանը, այլ, ամենամոլի նիկոլականից թունդ, զբաղված է Փաշինյանի թեզերի գեներացիայով։ Կար ժամանակ, երբ Մարուքյան Էդմոնը, ԱԺ ամբիոնից ինքնախաբեությամբ զբաղվելով, «պատին» էր դեմ տալիս Փաշինյանին, հանուն «վեհ» գաղափարների՝ ծեծվում խորհրդարանի դահլիճում: Նա նույնիսկ համաձայն էր «քաղաքական տրյապկա» կոչվել, միայն թե հաճոյանար Նիկոլի շենշող հայացքին և, վերջիվերջո, պաշտոն մուրալ նրանից։

Նախօրեին՝ ողջ կյանքը Էդմոնի քաղաքական ուղին կրկնօրինակել երազող ու նրան իր քաղաքական հայրը համարող Խաժակյան Դավիթ անունով մի երիտասարդ, Հանրային հեռուստատեսության եթերում փորձում էր ոչ միայն ատամներով պաշտպանել Փաշինյանի աթոռը, այլև բաց տեքստով ասում էր, որ «ՀՀ այսօրվա իշխանություններից ճիշտ ու հեռատես, լայնախոհ ու մտքի գիգանտ» գոյություն չունի։ Անգամ փաշինյանական խունտան որոշ հարցերում ինչ-ինչ վերապահումներ է ունենում, իսկ նշյալ սուբյեկտը՝ ճակատային գրոհ էր իրականացնում, թե՝ Նիկոլը ճիշտ է, բոլորդ սխալ։ Փաշինյանին պաշտպանելու մոլուցքով տարված՝ նա մի պահ Նիկոլից ավելի ջղագրգիռ էր քարկոծում ընդդիմությանն ու «նախկիններին», այն նույն «նախկիններին», ում հետ չէին խորշում մեկնել միջազգային գործուղումների, ու նրանց հաշվին ճաշել ու  գնումներ անել։ Ի դեպ, Հանրայինն այն  հարթակն է, որը բոլոր ժամանակներում համարվել ու համարվում է քարոզչական թիվ մեկ հարթակը, և այնտեղից հնչող մտքերը շարքային հայի մոտ մշտապես կարծիք ու տեսակետ ձևավորելու հստակ ինդիկատորներ են, սա գրեթե անհերքելի է։ Նախօրեի քննարկումը փաստացի հակառուսական քարոզի դասական գործընթաց էր, որտեղ ներկաները (բացի Էդգար Ղազարյանից) խոսքի մեջ անըդհատ «հարվածում» էին ռուսներին։

Ժամանակին մի քաղաքական գործիչ կար, ով իրեն «կլասիկ» պերսոնա էր հռչակել, ու գրագետ, սիրուն-սիրուն ճառեր ասելով մարդկանց մոտ «միավորներ» էր հավաքում, չէր զլանում անգամ Նիկոլին անվանարկել ու հիանալ «նախկին» իշխանության վերնախավի հետ հարաբերություններով: Սակայն, ինչպես հին հռոմեական հայտնի ասացվածքն է ասում՝ «օ~ ժամանակներ, օ~ բարքեր»։ Հավերժ բարեկամի ու թշնամու գիտակցությամբ այդ «կլասիկը» մի օր դարձավ հատուկ հանձնարարականներով դեսպան, իսկ նրա «քաղաքական թիմը»՝ Փաշինյանի ձեռքի «կլասիկ համրիչ», որոնց ցանկացած պահի կարողանում է կտկտացնել, նրանք էլ՝ ինքնամոռաց սազանդարություն անել։

Արմեն Հովասափյան