Հակարիի կամրջի տարածքում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից 8 օր անց Արցախում իրավիճակը շարունակում է բարդանալ։ Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ խնդիրն առավել սուր է արտահայտված հատկապես առողջապահական համակարգում։ Հանրապետության ամենամեծ հանրապետական բժշկական կենտրոնը, շրջափակման առաջին իսկ օրերից աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով ու սահմանափակ պաշարներով։ Իրավիճակը դառնում է ճգնաժամային։
«Մենք ունենք խնդիր՝ եղածով բավարարվելու և եղածը ճիշտ կազմակերպելու և մատակարարելու։ Այս պահին արվում է ամեն բան, որպեսզի հրատապ բուժօգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները չմնան անտեսված։ »,- ասել է Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ- ուրոլոգ Մարատ Հարությունյանը։
Հանրապետական բժշկական կենտրոնում այսօր բուժում է ստանում 95 հիվանդ։ Նրանցից 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում են։









