Foto

Հնդկական սերիալ՝ հանուն մի քանի օրվա իշխանության

Փաշինյանական իշխանության անբարոյականության անսահմանությունը խորանում է օրըստօրե։ Արդեն սովորական է, թե ինչպես են մարդկանց կալանքի տանում կամ անհասկանալի ու արհեստական նոր գործեր «կարում» և այս գործընթացներին կամ ուղղակի ուշադրություն չենք դարձնում կամ վերաբերվում ենք զուտ ժպիտով։

Այսօր փաշինյանական իշխանության «բաստիոնը» իրավապահ համակարգն է, հենց այս կառույցներն են ամենօրյա ռեժիմով սպասարկում նրա հիվանդ երևակայության բոլոր ֆանտազիաները՝ մոռանալով, որ նրանք կոչված են ծառայելու ոչ թե մի արյունոտ ծաղրածուի, այլ պետությանը և պետականության հիմնասյուններից մեկն են հանդիսանում։

Ասվածի օրինակները հարյուրավոր են՝ սկսած ՏԻՄ ընտրություններում Փաշինյանին չսատարած համայնքապետերի ապօրինի կալանքներից, որոնք այսօր փակի տակ են զուտ նրա համար, որ դաշինք չեն կազմել իշխող խունտայի հետ, վերջացրած՝ քաղաքական դաշտում ակտիվ ու կոշտ քննադատություն տանող ընդդիմադիր գործիչներով, ովքեր կալանավորվում են Փաշինյանի իշխանության քիմքին տհաճ թեզեր գեներացնելու համար։ Մի առանձին պատմություն է բարձրաստիճան զինվորականության կալանքը, որոնց թիվը մի քանի տասնյակ է։

Զավեշտալին այն է, որ Նիկոլն, ով բոլոր հարթակներից կուրծք է ծեծում, թե «պատերազմում գեներալները դավաճանել են», «դասալքությունները եղել են հազարավոր», գեներալներին կալանավորում է 10-ամյակների վաղեմություն ունեցող ինչ-որ գնումների կամ գործողությունների հիմքերով։ Այսինքն, հանրությանը զինվորականների ձերբակալություններ է ցույց տալիս, բայց, հիմքեր չներկայացնելով, նաև զերծ է մնում պատասխանատվությունից։ մասնավորապես, Արմեն Աշոտյանի կալանքը, որը վերջին օրերի ամենացցուն դրվագներից մեկն է, փաստում է, թե ինչքան ամուլ  են փաշինյանական փաստարկները՝ հրապարակված հայտնի ձայնագրության մեջ խոսվում է ամեն ինչից և բոլորից՝ բացի Աշոտյանից։

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Փաշինյանն իր կրքերին ոչ մի կերպ չի կարողանում հագուրդ տալ և փորձում է խոշորացնել «կալիբրը»։ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար լինելու տարիներին ՊՆ-ն 500 հազար դոլարով պարտքի դիմաց բանկից շինություն է ստացել և մեկ ամիս անց 90 հազար դոլարով վաճառել մեկ այլ բանկի: Հայտնի «դիզելի գործի» սնամկության գիտակցումը Նիկոլին ստիպել է քրքրել գզրոցները և նոր պարտիա խաղարկել՝ կրկին թիրախում ունենալով Սերժ Սարգսյանին։

Սա իշխանության պահպանման մոլուցքի՞, թե՞ իշխանության հոգևարքի նշան է, կարևոր չէ: Երկու դեպքում էլ սխալ հաշվարկ է արվել, բայց Նիկոլի իշխանությունն անընդհատ տեսարաններ է պահանջում՝ մի օր դա սահմանային իրադրության լարումն է, հաջորդ օրը՝ ինչ-որ ելույթ կամ տեղեկատվական կեղծ օրակարգ, իսկ երրորդ օրը՝ ձերբակալություն:

Արմեն Հովասափյան