Foto

ԶՄՊԿ պահնորդի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը դատապարտվեց ազատազրկման՝ 20 տարի ժամկետով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը դատապարտվեց ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հրապարակել է ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած և ՀՀ քաղաքացի, ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի գործով վճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքներում և դատապարտելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Նախ հայտնաբերվել և ձերբակալվել էր Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Մինչ կհայտնաբերվեր մյուս ադրբեջանցին, հայտնի դարձավ ՀՀ քաղաքացու սպանության մասին։

Ապրիլի 12-ին սպանվել է ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ապա հայտնի դարձավ, որ Կապանի բնակիչների կողմից հայտնաբերվել ու բռնվել է ապրիլի 10-ին ՀՀ ապօրինի ներթափանցած երկրորդ ադբրեջանցին, որի մոտ եղել է նաեւ սպանված պահնորդի հեռախոսը։

Պահնորդի սպանության գործը ՔԿ-ից տեղափոխվել է ԱԱԾ, որտեղ և քննվում էր ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանն ապօրինի ներխուժելու վերաբերյալ քրեական վարույթը։

Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան