Foto

Ռինկևիչը արձագանքել է Արմեն Գևորգյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է ի կատար ածվեն։ Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը: ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկեւիչը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի հարցին։

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը նախ արձանագրել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է, որը ոչ միայն խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը, այլև տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։

«Այս առումով կցանկանայի հարցնել՝ Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը։ Ո՞ր սցենարի դեպքում

Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները»,- հայտարարել է Ա.Գեւորգյանը։

Ի պատասխան Լատվիայի արտգործնախարարը ընդգծել է, որ ընդհանուր մի սկզբունք ունեն՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերը, նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է ի կատար ածվեն։ Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը:

«Մտադիր ենք խնդրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի իրականացնեն բոլոր կոնվենցիաները, նաև՝ հարգեն բոլոր այն պարտավորությունները, որ երկրները ստանձնել են այս կազմակերպությանն անդամակցելիս, և միշտ այս սկզբունքն ամեն ինչից վեր ենք դասելու:

Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է։ Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև՝ Եվրոպական կոնվենցիաներին»,- ասել է Ռինկեւիչը։