Ինչ էլ ասի Փաշինյանը
44-օրյա պատերազմի, դրա ընթացքի ու կապիտուլյացիոն վախճանի պատճառների մասին, դրա միակ
հասցեատերը բական ու բանակի ղեկավարությունն է: Նախկին նախագահների ու բանակցային գործընթացի
մասին խոսելով՝ Փաշինյանը միայն ժամավաճառություն է անում՝ բամբասանքների ու մանիպուլյացիաների
համար պարարտ հող տրամադրելով իր էլեկտորատին, կուսակցական նոմենկլատուրային ու «քաղաքականությամբ
չզբաղվողներին»: Ոչ մի նախկին նախագահ ոչ մի ուղիղ պատասխանատվություն չի կրում Փաշինյանի
իշխանության գալուց երկու տարի անց տեղի ունեցած և պարտված պատերազմի, մանավանդ՝ դրա
հետևանքների համար:
Իսկ ինչո՞ւ է լռում բանակի
ղեկավարությունը: ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն այս հարցի անուղղակի պատասխանը տվել է: Ավելի ճիշտ,
ասել է մի բան, որը բնորոշում է գեներալիտետի լռությունը: «Իրավունք» թերթին նա ասել
է. «Վարչապետը … պետք է ճշմարտությունն ինքն ասի»:
Սա է բանակի վերնախավի
վերաբերմունքը իրականությանը, և խոսքը միան Մովսես Հակոբյանին չի վերաբերվում և նա, քավ լիցի, տողերիս թիրախը չէ: Արդյոք Հայաստանում ու աշխարհում կա՞ մեկը, որ հույս ունի, թե մի
օր Նիկոլ Փաշինյանը կասի ճշմարտությունը, կա՞ մեկը, ով հավատում է Նիկոլի «ճշմարտությանը»,
երբ ամեն օր տեսնում ենք, թե ինչ դժբախտություններ
է բերում այդ «ճշմարտությունը»: Բանակի վերնախավը սպասում է, որ Փաշինյանը կասի իրական
ճշմարտությունը և կազատի՞ իրենց ձեռքերը: Դա երբեք չի լինի, որովհետև նրան ազատ ձեռքերով
վկաներ պետք չեն, եղածներին ձերբակալում է, ընդդիմախոսներին լռեցնում է շանտաժով ու բանսարկություններով:
Միաժամանակ, բանակի վերնախավը հասկանում է, որ Նիկոլին մերկացնելուց հետո գալու է հայրենիքի
անվտանգության համար իրենց մասնագիտական պատասխանատվության պահը: Արդյո՞ք նրանք պատրաստ
են պատվով կրել այդ պատասխանատվությունը: Հենց այստեղ է թաքնված գեներալների լռության
գաղտնիքը: Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածին՝ չեմ ուզում պնդել, որ նրանցից
յուրաքանչյուրի պահարանում մի հին «կմախք» կա, բայց դրան հավատալն էլ դժվար է: Սակայն
բարձրաստիճան զինվորականը պարտավոր է գիտակցել, որ իր պահարանի «կմախքները» չպետք է
խոչընդոտեն իրենց մասնագիտական պարտքը կատարելուն ու երդմանը հավատարիմ մնալուն: Եթե
նրանք վախենում են, որ այդ «կմախքներից» մեկը մի օր իրենց տանելու է Հակակոռուպցիոն
դատարան կամ Քննչական կոմիտե, և լռում են, ապա թող իմանան, որ լռությամբ
դրանից չեն ապահովագրվում: Դրա մասին Նիկոլը գիտի և առիթը բաց չի թողնի հերթական ոլորանում
այդ բալաստից ազատվել, լրատվական աղմուկում իր հերթական դավաճանական գործողությունը
սքողելու համար նրանց «փուռը տալ»: Ավելի շահեկան կլինի հիմա՛ խոսել, բացահայտել Նիկոլի մեղքը և դրանով
ազատվել պահարանի «կմախքից»՝ իրենց կապանքներից: Ավելի ճիշտ է ասել ճշմարտությունը
և գնդակը թողնել Նիկոլի դաշտում, քան անընդհատ «ատբիտ» անել նրա մեղադրանքները: Զինվորական
տերմինաբանությամբ՝ պետք է վերցնել օպերատիվ նախաձեռնությունն ու զարգացնել հաջողությունը:
Բոլոր գեներալները և զինվորական վերնախավը պետք է լավ գիտակցեն. կա հայկական պետություն
և բանակ՝ իրենք գեներալ են ու պահանջարկված, չկան դրանք՝ իրենք կա՛մ ծառայելու են օտար պետությունների հատուկ ծառայություններին, կա՛մ Փարիզի սրճարաններում իրենց մի գավաթ ըմպելիք տվողներին
տխուր աչքերով պատմելու են, թե ոնց մտան Շուշի, ազատագրեցին Քարվաճառն ու Բերձորը …









