Foto

Փաշինյանի անձնական «ծիկերը»

Փաշինյանի հոգեկան ու հոգեբանական կծկումների մասին վերջին 5 տարիների ընթացքում հատորներ են գրվել, միլիոնավոր մեկնաբանություններ ներկայացվել, ուստի դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն անօգուտ աշխատանք է, սակայն պետք է մի քանի դրվագով անդրադառնալ նրա վախերին ու մարմաջներին, որոնք փայլատակում են ամենօրյա ռեժիմով։

Հնգամյա բռնազավթված պետության մեջ Փաշինյանի հիմնական հենարանն ուժայիններն են, որոնցով նա կարողանում է ինքնադրսևորվել։ Այսօրվա հայաստանյան իրականությունն ամենօրյա քաղաքական ձերբակալություններն ու հետապնդումներն են, որոնք, ըստ Փաշինյանի աշխարհընկալման, պետք է ունենան դոմինոյի էֆեկտ և լռեցնեն ընդդիմադիր սեկտորը։ Նա փորձում է խուսափել հնարավոր պոռթկումից, դրանում համոզվել ենք քանիցս մերօրյա ՀՀ-ում քաղբանտարկյալների պակաս չունենք, ավելին՝ ամեն օր նրանց շարքերն ընդլայնվում է։ Նիկոլը նման կերպ փորձում է ինքնահաստատվել և «կինոյի տղա» երևալ, ու դեռևս ստացվում է նման հակապետական ինֆանտիլիզմը։

Ամենթարմ օրինակը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալումն ու երկամսյա կալանքն էր, երբ մարդը կալանավորվում է բացառապես քաղաքական հայացքների ու Փաշինյանին անարգանքի սյունին գամելու պատճառով։ Այս դրվագն ամբողջովին արտացոլվում է նաև քննչականի կողմից ներկայացված անատամ հիմնավորմամբ, իբր «Աշոտյանը խախտել է երկրից չբացակայելու դատարանի պահանջն», իսկ ավելի ուշ հրապարակված «սենսացիոն» տեսանյութը վկայում է, թե ձվի մեջ մազ փնտրելու ինչպիսի «լուրջ» գործով է զբաղված քննչականի անձնակազմը։

Գաղտնիք չէ, որ իր քաղաքական խոսքում ու քննադատության մեջ Աշոտյանը ոչ միայն կոշտ, այլ բացառապես փաստարկված քննադատողներից էր, ով կարողանում էր փաշինյանական ստին ու կեղծիքին, լղոզված մանիպուլյացիաներին տալ խորքային հակադարձումներ: Աավելին, նա այդ վարքագիծը դրսրևորում էր ոչ միայն ներքին լսարանում, այլև միջազգային հարթակներում՝ բոլոր միջազգային հարթակներում օգտագործելով անձնական ու կուսակցական կապերը։  

Ըստ էության՝ Աշոտյանը ՀՀ քաղաքական համակարգում առանցքային կերպարներից մեկն է, ով կարողանում է դաշտում բովանդակություն ու օրակարգ գեներացնել, և, նման ֆիգուրանտին մեկուսացնելով, Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքական  վախերի մեջ է, որ Աշոտյանին դաշտից հեռու պահելու համար նման գործիքակազմ է կիրառում։ Այս ամենը հեշտությամբ չի մարսվելու և մնալու է Նիկոլի կոկորդին, քանի որ նման քայլերն ամենօրյա բնույթ են կրում, իսկ այն կեղծ կաղկանձը, որը փորձում են բարձրացնել իրենց ֆեյքերով, ընդամենն ինքնախաբեություն է։

Արմեն Հովասափյան