Օրերս մամուլում լուրեր տարածվեցին,
որ Դիլիջանում ՔՊ-ականների հավաքույթն ավարտվել է ծեծկռտուքով:
Մասնավորապես՝ Armlur.am կայքի տեղեկություններով, դրսում ՔՊ-ականները հավաքվել, զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածներն եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը հարձակվել են իրար վրա ու ծեծել: Միջադեպին խառնվել է ողջ ՔՊ-ական թևն ու ցրել «կռվարարներին»: «Հրապարակի»-ի հետ զրույցում էլ Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը հաստատել է, որ ՔՊ հավաքի օրն եղել է Դիլիջանում, բայց այդ անունով (նկատի ունենալով Էդուարդ Հովհաննիսյանին) մարզպետի չի ճանաչում և իր հետ խոսակցություն չի եղել։
Մխիթար Մաթևոսյանը 2021 թվականի հոկտեմբերի
12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ է։ 2021թ․ դեկտեմբերի
5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, Վայքում գլխավորել է ՔՊ-ի
ցուցակը, և արդյունքում՝ ընտրվել համայնքի ղեկավար։ Տարօրինակ է, որ համայնքի ղեկավարը
հայատարարում է, թե Արմավիրի մարզպետին չի ճանաչում։ Նրանք առնվազն նույն քաղաքական
թիմի ներկայացուցիչներ են։
Մաթևոսյանի հետ հաճախ են «տարօրինակ» բաներ պատահում: ՏԻՄ ընտրությունից առաջ իշխանական մեդիային տված հարցազրույցում նա խոսում էր կոռուպցիայի բացառման, ֆինանսական միջոցները ճիշտ կառավարելու մասին, բայց ընտրությունից հետո ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող «Մավշին» ՍՊԸ ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանն՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Հունիսի 1-ի պայմանագրով ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։ Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։ Իսկ ամենախոշոր պայմանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ է ստացել՝ Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։
Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝
«Մավշին» ՍՊԸ-ն 2013 թվականի հունվարի 16-ին հիմնադրել է Մխիթար Մաթևոսյանը` հայրենի
Զառիթափ գյուղում։ Մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը
պատկանել է Մաթևոսյանին, սակայն դրանից հետո թե՛ իր բաժնեմասը, թե՛ տնօրենի պաշտոնը
փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։
Armeps.am համակարգի տվյալներով՝ մինչև Վայք համայնքի ղեկավար դառնալը Մխիթար Մաթևոսյանի «Մավշին» ՍՊԸ-ն մասնակցել է պետական գնումների գործընթացին և պետական տարբեր մարմինների հետ կնքել 15 պայմանագիր, հիմնականում՝ Վայոց ձորի մարզպետարանի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի համայնքապետերանների հետ։ Նշված 15 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։
Մխիթար Մաթևոսյանն ու «Մավշին» ՍՊԸ-ն անմասն չեն մնացել նաև քրեական գործից։ Մխիթար Մաթևոսյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, ով այդ ժամանակ եղել է հենց Մաթևոսյանը։ Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Վայքի համայնքային մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120 միլիոն դրամ սուբվենցիա: Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, Մխիթար Մաթևոսյանը, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքները մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավելի է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
2021թ․ հոկտեմբերին Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր
հարցումին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել
է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ
առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։









