Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ ներկա են գտնվել Համաշխարհային բանկի «21-րդ դարի դատական իշխանության ձևավորում և կարևորագույն ակտիվների ամրապնդում. Դատական ծառայությունների համար ՏՀՏ-ներ և ֆիզիկական ենթակառուցվածքներ» խորագրով աշխատաժողովին:
Ողջունելով աշխատաժովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է Արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև իրականացվող համագործակցությունն ու նշել, որ այն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: Լևոն Բալյանն ընդգծել է, որ չնայած վերջին տարիներին ՀՀ արդարադատության համակարգի զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին՝ դեռ առկա են մարտահրավերներ՝ անկախության, արդյունավետության և որակի առումներով:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ըստ նախորդ տարի ընդունված՝ Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության՝ նախարարությունը նպատակ ունի շարունակել և ընդլայնել ռազմավարական միջոցառումների իրականացման ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Լևոն Բալյանը նշել է նաև, որ այս համատեքստում՝ մասնավորապես դատական բարեփոխումների և թվայնացման մի շարք ուղղություններով առկա է համագործակցություն Համաշխարհային բանկի հետ:









