Foto

Պետությունը տնտեսական խտրականություն է դրսևորում

ՏՏ ոլորտը հարկային արտոնություն կստանա։ Էկոնոմիկայի նախարարությունը հերթական փաթեթն է առաջարկում՝ նշելով, որ դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտի ընկերությունների եկամուտները նվազել են շուրջ 20-30 տոկոսով, ուստի առաջարկում է ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը գործող 20–ից դարձնել 5%։ Ըստ նախագծի հիմնավորման՝ արտոնությունը հնարավորություն կտա կրճատել ծախսերն ու օգնել ոլորտին հաղթահարելու ճգնաժամը։

Ըստ նախագծի՝ խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց համախառն եկամտի 80 տոկոսը կամ ավելին գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Թե որքան կտուժի պետբյուջեն, և արդյոք կրած վնասներն ու ՏՏ ոլորտի ստացած արդյունքը համարժեք կլինեն, նախարարությունը չի մանրամասնում։

Նկատենք, որ դրամի արժևորումից տուժել են բոլոր այն ընկերությունները, ովքեր առևտուր են անում դոլարով։ Արդյո՞ք նրանք ևս արտոնության կամ աջակցության կարիք չունեն։

Հարկային այս արտոնությունը պետության արդեն երրորդ աջակցությունն է ոլորտին։ 2022-ի մարտին Կառավարությունը ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների վերադարձրեց նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը: Սրան հաջորդեց օգնության երկրորդ փաթեթն՝ այն ընկերություններն, որոնք, դրամի արժևորմամբ պայմանավորված, աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը 20 տոկոսից ավելի չէին կրճատել և բավարարում էին մի քանի այլ պահանջների ևս, պետբյուջեից հետ ստացան իրենց վճարած եկամտահարկի 95%–ը։ Կառավարությունն այս ծրագրի համար 2 միլիարդ դրամ էր նախատեսել և հետագայում ևս 6.3 միլիարդ դրամ ավելացրեց։

Միայն 2022 թվականին ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքով հարկային արտոնության հավաստագիր է ստացել 1430 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որը նախորդ վեց տարիների համեմատ ավելի է 360-ով։ Տարբեր ոլորտներին տրամադրվող արտոնությունների պատճառով պետական բյուջեն 300-400 միլիարդ դրամի վնաս է կրում․ տնտեսագետներն ասում են՝ չկան նաև այն հաշվարկներն ու վերլուծությունները, թե որքանո՞վ են փոխհատուցվել այդ վնասները։

Նակտենք, որ անկախ տրվող արտոնություններից ՏՏ ոլորտը դեռ խոշոր հարկատուների ցուցակում չէ։ Իսկ օրինակ՝ բացառապես արտահանմամբ զբաղվող, դոլարով աշխատող ԶՊՄԿ (Զարգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը), որը մշտապես խոշոր հարկատուների եռյակում է, հայտարարում է եկամտի նվազման մասին և չի ստանում ոչ մի արտոնություն։

Ինչու՞ համեմատել ՏՏ-ն ու ԶՊՄԿ-ն։ ՏՏ-ն ինքն իրենով զարգացող և հեշտ արատահանվող արտադրանք է ներկայացնում։

Հանքարդյունաբերությունը ՀՀ-ում հիմա, բացի դրամի արժևորման խնդիրն ունի այլ լրջագույն խնդիրներ ևս՝ չի գործում Թեղուտի հանքը, Սոթքի հանքը կանգնած է լրջագույն խնդրի առաջ՝ հանքի մի հատվածը թշնամու ենթակայության տակ է, մյուս՝ բաց հատվածը՝ չի աշխատում, քանի որ թշմանու նշանառության տակ է, աշխատողները մատնված են հարկադիր պարապուրդի և պետությունն այս փուլում ոլորտին չի աջակցում։ Սոթքի հանքի թերի գործարկմամբ պայմանվորված՝ բյուջեի եկամուտներն էականորեն կրճատվել են, ինչպես նաև նրանից սնվող ընկերությունները. հանքից հիմնական օգտվողը երկաթուղին է, որը հումքը հասցնում է Արարարտի մարզ։ Հիմա էլ Ադրբջանն օտարերկյա ներդրումներով Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքներին է խոչընդոտում՝ պարբերաբար կրակահերթի տակ պահելով գործարանի տարածքը։

Այս փուլում հանքարդյունաբերության ոլորտում փաստացի գործող միակ ընկերությունը՝ ԶՊՄԿ-ն, ևս հայտարարում է եկամուտների էական նվազման մասին։ Պատճառը մի կողմից դրամի արժևորման քաղաքականությունն է, մյուս կողմից էլ՝ միջազգային շուկայում պղնձի գնի նվազումը։ Այդ մասին վկայում են նաև պոշտոնական վիճակագրական տվյալները։ Այս ընկերությունում պետությունն ունի 21,8 տոկոս մասնաբաժին և նույնիսկ սա չի նպաստում, որ պետությունն աջակցի ոլորտին։

Արտահանմամբ է զբաղվում գյուղտնտեսությունն, որոնց ծավալները ևս էականորեն նվազել են։ Իհարկե, պատճառը միայն դրամի արժևորման քաղաքականությունը չէ, սակայն խմիչք արտահանող ընկերությունները, եթե չեն կարողանում իրացնել արտադանքն, ամենատարրական հումքը՝ խաղողը, ձեռք բերելը դառնում է խնդրահարույց։ Ընդ որում, խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների համար լրացուցիչ հարկատեսակներ են ավելանում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան