ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց՝ 2 ամիս ժամկետով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, բավարարել է Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ իբրև խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան









