Foto

Եթե ադրբեջանցիները դրոշ են դրել, դրանով ընդգծել են Ադրբեջանի սահմանը․ Օհանյան

Ադրբեջանը շարունակում է ճնշումներ գործադրել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի վրա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հակարիի կամրջի հատվածում Ադրբեջանը շարունակում է խորացնել Արցախի շրջափակումը, որովհետև առաջ գալով` տվյալ հատվածում իրենք  փորձում են ինքնուրույն սահմանազատում կամ սահմանագծում իրականացնել: Լավ է, որ հայկական կողմը կարողացել է կանխել, հետ շպրտել, բայց եթե, օրինակ, Տեղ գյուղի մյուս հատվածների նման լիներ, մենք դժվար իրավիճակում կհայտնվեինք», - ասաց նա:

Օհանյանի խոսքով` ՀՀ զինված ուժերի, ԱԱԾ-ի խնդիրն է միշտ մարտունակ վիճակում լինել, միշտ կանխարգելել  բոլոր միջադեպերն  ու առաջընթացով մտածել հետագա բոլոր գործողությունների համար:

Պաշտպանության նախակին նախարարը կարծում է, որ եթե ադրբեջանցիները դրոշ են դրել, դրանով ընդգծել են  Ադրբեջանի սահմանը: Դա, Օհանյանի խոսքով, առաջխաղացման փորձ է:

Սեյրան Օհանյանն ընդգծեց` պետք է հասկանալ, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը պետք է լինի մեր գերխընդիրը: