Foto

Քաղաքական մոնոպոլիան՝ որպես «պողպատե մուրճ»

Քաղաքական ողջ կարերայի ընթացքում քաղաքական մենաշնորհների մասին թմբկահարած Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում իշխանությունը զավթելուց անմիջապես հետո, ձեռնամուխ եղավ սեփական քաղաքական մոնոպոիլայի բարգավաճմանը։ Սրանք սկսեցին վարվել ՀՀՇ-ի հայտնի՝ «պոլի փետ ըլնի, բայց մեզանից ըլնի» կարգախոսով ու լծվեցին պետական համակարգը «մաքրելու» բոլշևիկյան գործելաոճին։ Շատ կարճ ժամանակում պրոֆեսիոնալ և բազմամյա վաստակ ունեցող կադրերից ազատվելուց հետո, սկսվել է քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ձեռներեցությամբ զբաղվող անձնաց քաղաքական օղակի  մեջ առնելու և փաստի առաջ կանգնեցնելու պրոցեսը։  Հիմա կոնկրետ դրվագի մասին։

Ինչպես հայտնի է իշխանազավթումից հետո, պետական համակարգում օպտիմալացման անվան տակ, փաշինյանական խունտան փակեց տրանսպորտի և կապի նախարարությունն ու մի ամբողջ ոլորտ կանգնեցրեց կրախի առաջ։ Այսինքն մի ողջ կայացած համակարգ, որն իրականցնում էր երկրի ներսում կոմունիկացիոն և լոգիստիկ գերկարևոր ֆունկցիա, մի օր դադարեց գոյություն ունենալ և ներառվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում՝ վերածվելով կցորդ մարմնի, որտեղ իրականացվող քաղաքական կուրսը դադարեց գոյություն ունենալուց։

Այս պատկերն ավելի ակնառու է հատկապես մարզերում, որտեղ իրական քաոս է տիրում։ Բանն այն է, որ մարզերի  ձեռնարկությունները ոչ միայն չեն կարողանում գործունեությւոն ծավալել և ծառայություն մատուցել, այլ իրենց ոտնահարված իրավունքների մասին ոչ մի պատկան կառույցից բացատրություն ու մեկնաբանություն չեն կարողանում ստանալ։ Օրինակ՝ Հայաստանում տևական ժամանակ հանրային տրասպորտն իր գործունեությունն է իրակացնում, այսպես կոչված, «դեղին պետահամարանիշներով», որոնք փաստում են փոխադրամիջոցի համապատասխան մրցույթ անցած լինելն ու տվյալ հանձնաժողովի կողմից արտոնագիր ունենալու հանգամանքը։ Նախկինում տրանսպորտի նախարարությունում, իսկ հիմա արդեն մարզպետարաններում կան վերահսկող կառույցներ, որոնք իրականցնում են տրանսպորտի կառավարման վերահսկողություն։ Խնդիր էությունը կայանում է նրանում, որ հիմա տարբեր անհատ անձիք և ուղղակի քաղաքացիներ սեփական մեքենաներով կարող են «գիծ» մտնել և, առանց հարկային որևէ պարտավորության, խանգարել մրցույթ շահած ընկերության գործունեությունը, որը ոչ մի լծակ չունի դա կանխել կամ ինչ-որ տեղ բողոքել։ Պետական կառույցների կողմից քար անտարբերություն է, ոչ մի կոնկրետ միջոցառում չի իրականցվում, այլ կերպ ասած՝ սեփականատերը, ով օրենքով սահմանված կարգով շահել է մրցույթը, պատշաճ կարգով կատարում է իր հարկային վճարումները, չի կարողանում գործունեություն ծավալել, քանի որ «լևի» գործ անողները շատ են, իսկ պետությունը լուռ հետևում է։

Ի դեպ՝ հատկանշական է, որ նման կարգի միջադեպերի կիզակետում հավանաբար «լրիվ պատահաբար» հայտնվում են այն անձիք ու ձեռնարկությունները, ովքեր դեմ են Նիկոլի հայացքներն ու դատապարտում են նրա քաղաքականությունը։ Հենց այդպես՝ լրիվ պատահական, մարդկանց տարիների վաստակն ու քրտինքը Փաշինյանը մսխում է սեփական քաղաքական նպատակներն ու կրքերը բավարարելու նպատակով։ 

Արմեն Հովասափյան