Foto

Ո՞ւր է խփում Ադրբեջանը՝ կրակելով մետաղաձուլարանի վրա

2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի կողմից ցանկացած ռևանշիստական քայլ, բանակը հզորացնելու ցանկացած փորձ իր կողմից կանխվելու է բոլոր միջոցներով: Այն ժամանակ հայ հասարակությանը Փաշինյանի կառավարությունն ու քաղաքական ուժը մեզ փորձում էր համոզել, որ դա չի լինի, եթե Հայաստանը զերծ մնա պատերազմի պատրաստվելուց, զորքերը հանի Արցախից ու, բանավոր պայմանավորվածությամբ, Ադրբեջանին զիջի այն տարածքները, որոնք նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է վերահսկվեին հայկական ուժերի կողմից:

Այսօր ադրբեջանցիների թիրախային կրակոցների հետևանքով Երասխի մոտ կառուցվող մետաղաձուլարանի տարածքում երկու օտարերկրացի է վիրավորում ստացել: Հնարավոր չէ սա վերագրել պատահականությանը, որովհետև երկու օր առաջ ադրբեջանական կողմը հայտարարեց՝ մետաղաձուլարանի կառուցումը իրենց համար էկոլոգիական սպառնալիք է: Հասկանալի է, որ ինչպես ադրբեջանցի «բնապահպանները», այնպես էլ ադրբեջանական «բնապահպանությունն» ընդհանրապես, ոչ մի կապ չունեն բնության հետ, այլ զուտ քաղաքական ճնշումների և ազդեցության գործիք են Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտելու համար: Հազիվ ինչ-որ միջազգային ներդրողներ համաձայնել են Հայաստանում ներդրում կատարել՝ Ադրբեջանը փորձում է վախեցնել նրանց, Հայաստանը թողնել առանց ներդրումների, այսինքն՝ խոչընդոտում է Հայաստանի տնտեսության, հետևաբար՝ պաշտպանական պոտենցիալի բարձրացման ցանկացած փորձ:

Եթե այս կրակոցների միջազգային դատապարտում չկա, գոնե Հայաստանի իշխանությունները պետք է դրան քաղաքական գնահատական տային կամ որևէ կերպով միջազգային հանրությանն ակնարկեին, որ իրենց «խաղաղասիրական» միջնորդությունները «ոգևորում» են ադրբեջանական ռազմատենչությունը: Ադրբեջանը քաղաքական հարցերը տնտեսականից չի առանձնացնում, ավելին՝ նույնացնում է, որովհետև դրանք դիտարկում է իր ազգային անվտանգության ամբողջական համակարգում:

Հայաստանի ցանկացած տնտեսական նախաձեռնություն, որը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի անվտանգային համակարգերի վրա, Ադրբեջանի կողմից թիրախավորվելու է, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից լռելայն ընդունվելու է որպես անհաղթահարելի խոչընդոտ: Փաշինյանի իշխանությունը համակերպվեց Սոթքի հանքավայրի փաստացի սառեցման, Կաշենի հանքի փակման, Թուրքիայի կողմից Հայաստանի ջրային ռեսուրսների սահմանափակման, ատոմակայանի վերաբերյալ նկրտումների հետ, հիմա էլ խուսափում է մետաղաձուլարանի նկատմամբ ոտնձգություններին արժանի հակազդեցություն ցուցաբերելուց: Լավագույն դեպքում դա կարող է վերահասցեավորել միջազգային դիտորդների կամ ռուս խաղաղապահների պատասխանատվությանը: Եվ, եթե Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Հայաստանը զրկվի ներդրումներից, կարող են հայտարարել, որ շատ էին ցանկանում լավ բան անել, բայց չստացվեց ու պետք է շարունակել «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը, որպեսզի ստանան Ադրբեջանի բարեհաճությունը: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ մեր քաղաքական գործիչներից մեկը համաձայն էր նույնիսկ ադրբեջանական ներդրումներին, միայն թե դրանցից գոյացած հարկերը տնօրինվեն հայկական կողմից:

Հ.Գ. Ադրբեջանը շարունակաբար քաղաքական օրակարգ է բերում «ադրբեջանցի փախստականների» Հայաստան վերադարձի թեզը և խոսքը գնում է մի քանի տասնյակ կամ հարյուրավոր բնակավայրերի մասին: Հատկանշական է, որ Արարատի մարզը նախկինում ադրբեջանցիներով ամենախիտ բնակեցված տարածաշրջաններից էր, իսկ Երասխ բնակավայրը, մի «չար պատահականությամբ» սահմանակից է Տիգրանաշենին, որի նկատմամբ կոնկրետ տարածքային հավակնություն ունի Ադրբեջանը: 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան