Foto

Հայաստանը միանում է Եվրասիական վերաապահովագրական հիմնադրամին

Հայաստանը միանում է Եվրասիական վերաապահովագրական հիմնադրամին. կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն, գլխամասը կլինի Հայաստանում:

«Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է ԵԱՏՄ փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն ծրագրերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում: Սա, երևի թե, առաջին նմանատիպ ընկերությունն է, որի գլխամասը գտնվելու է Հայաստանում՝ Երևանում», - ԱԺ-ում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատեսական կապերի ընդլայնմանը:

Քերոբյանի խոսքով՝  2022թ․ փետրվարի 24-ից հետո մի շարք միջազգային վերաապահովագրական ընկերություններ հրաժարվել են շարունակել Հայաստանից և ոչ միայն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ապահովագրությունների վերաապահովագրումը,  արդյունքում էական դժվարություններ են ստեղծվել Հայաստանի արտահանողների համար:

«Հայաստանի արտահանման ապահովագրական ՓԲԸ-ն դժվարություններ ունեցավ արտահանողներին իրենց գործարքներում օժանդակելու գործում: Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը թույլ է տալու, որ ունենանք լրացուցիչ գործիք, որը կօգնի վերաապահովագրել նաև մեր արտահանման ապահովագրական ընկերության ստանձնած ռիսկերը», - նշեց  Քերոբյանը:

Հայաստանն այս ընկերությունում մասնակցում է 3 տոկոսի չափով, ներդրվելու է 450 մլն ռուբլի: