Օրերս մամուլում տեղեկատվություն
տարածվեց, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գործերն այնքան էլ լավ չեն, քանի
որ, ըստ տարբեր տեղեկությունների, վերջինս գլխին «մութ ամպեր» են կուտակվում։ Ըստ էության՝
վերջին մի քանի շաբաթներին «անզեն աչքով» էլ նկատելի է, որ բավական լուրջ գրոհ է սկսվել
Ղազարյանի դեմ, և նկատելի է, որ թեման «եփվում» է իշխանության կուլիսներում։ Ցանկացած
միջադեպ, որ տեղի է ունենում ոստիկանական համակարգի հետ կապված, ուղղակիորեն առիթ է
դառնում Ղազարյանին թիրախ դարձնելու և անարգանքի սյունին գամելու նպատակով: Ընդ որում,
այս գործում «առաջամարտիկի» դերում են ոչ միայն այսպես կոչված, «սորոսականները», այլև
իշխանության այլ ներկայացուցիչներ։
Մասնավորապես, այս հարցում
բավական ակնհայտ հակաղազարյանական կեցվածք ունի տխրահռչակ Արսեն Թորոսյանը, ով, հնարավոր
առիթի դեպքում, բաց տեքստով քննադատում է Ղազարյանին։ Ի դեպ՝ Ղազարյանին ուղղված առաջին
«գրոհներից» ամենաակնառուն «Պոլիգրաֆ» ակումբում տեղի ունեցած հայտնի դրվագն էր, երբ
հայտնաբերվել էր մի քանի կիլոգրամ կոկային, և մի քանի տասնյակ մարդ տեղափոխվել էր ոստիկանության
բաժին։ Այս առիթով, բոլորս ականատես դարձանք, թե խորհրդարանում ինչ կաղկանձ բարձրացրեցին
որոշ ՔՊ-ական պատգամավորներ՝ ոստիկանության գործողությունները որակելով անհամաչափ ու
ոչ իրավաչափ (Հերիքնազ Տիգրանյան, Սոնա Ղազարյան, Զառա Բաթոյան, Վիլեն Գաբրիելյան,
Մարիա Կարապետյան և այլք)։ Նախորդ շաբաթ Դիլիջանում բարձրաստիճան ոստիկանի կողմից տեղի ունեցած դեպքը,
նույնպես այս շարքից է, քանի որ Ղազարյանը տևական ժամանակ աշխատել է Դիլիջանում, որպես
ոստիկանապետ և թեման դաշտ «նետվեց» ակնհայտ արհեստական․ նշենք, որ տեսանյութը
հրապարակվեց մայիսի վերջին, իսկ դեպքը տեղի էր ունեցել ապրիլի առաջին տասնօրյակում։
Ի դեպ օրերս էլ հայտնի դարձավ, որ ՆԳ նախարարի ավտոշարասյան
համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով առաջացած վթարի հետ կապված ծառայողական քննություն
է սկսվել։ Նման դեպքերըի շղթան կաևրելի է թվարկել երկար։
Սորոսականների «փորացավը» լրիվ այլ է․ նրանք ի սկզբանե ցանկանում էին իրենց թեկնածուին՝ Դանիել Իոաննիսյանին, կարգել նորաստեղծ նախարարության ղեկին, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց իր դպրոցական տարիների ընկերոջը: Ըստ այդմ, սորոսականները շատ նեղված են, որ իրենց թեման «ջրվեց», և հիմա անցել են Ղազարյանին տոտալ «խփելուն, իսկ թիրախավորման համար, հավատացեք, առիթների պակաս չկա (միայն պարեկների հետ կապված դրվագները բավարար են՝ սորսականների կողմից համահայկական վայնասուն բարձրացնելու համար):
Ըստ էության՝ այնպես էլ
չէ, որ Վահե Ղազարյանը, մեղմ ասած, լավագույն նախարարն է, սակայն, այստեղ խնդիրը ո՛չ
Ղազարյանն է, ո՛չ էլ նրա լավ կամ վատ աշխատելը, որովհետև նույն «սորոսականները» ձայն
անգամ չեն հանել, երբ նույն ոստիկանության ոչ օրինաչափ, ոչ օրինական գործողությունները
դրսևորվել են զոհվածների ծնողների կամ ընդդիմադիրների նկատմամբ: Մնացյալ դեպքերում
նրանք աղմկելու էին ցանկացած մեկին ՆԳ նախարար նշանակելու պարագայում, որը չէր լինի
իրենց «կլուբից»։
Միամտություն է կածել, թե Նիկոլ Փաշինյանը դա չի տեսնում։ Քաղաքական ընդդիմության և անհնազանադների դեմ Վահե Ղազարյանի գործագրած «ինքնամոռաց» ջանքերը նրան ինչ-որ տեղ անպատժելիության կամ ամենակարողության զգացում են ներշնչել, բայց Փաշինյանն իր ազդեցությունը ոչ ոքի հետ կիսել չի ցանկանում և ՆԳ նախարարը բացառություն չէ: Հենց նրա լուռ համաձայնությամբ էլ «սորոսական» թևը կծմծում է Վահե Ղազարյանին, որպեսզի վերջինս մի քիչ զգաստանա:
Արմեն Հովասափյան









