Foto

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողին։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են երկու հայերի՝ Ադրբեջանում։

«Նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ և հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ Կարմիր խաչի նամակների միջոցով»,- հայտնեց Ամատունին։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեւարվել են։ Ավելի ուշ՝ Ադրբեջանը հայտարարեց մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործի հարուցման մասին։