Foto

Խայտառակված մարդկանց մղումն արժանապատվության վերականգնումն է, որը վերքաղաքական ցանկություն է

Յուրահատուկ դաժան իրողություն է դարձել Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսույթ, սակայն Հայաստանից դուրս նրա ցանկացած հրապարակային ներկայացում հասարակության առողջ հատվածի մոտ, ի թիվս քաղաքական տագնապների, անվտանգային մտահոգությունների, հուսահատության ու աղետի սպասման, առաջացնում է նաև ամոթի զգացողություն։ Ամոթն էլ ավելի է սահմռկեցուցիչ դառնում, երբ գիտակցում էս, որ այդպիսի որակներով անձը ներկայացնում է մեր պետությունը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն նրա լեզվական ունակությունների կամ դրանց բացակայության մասին է։

Ինչ-որ տեղ նորմալ է, երբ մարդը վարժ չի տիրապետում իր մայրենին չհանդիսացող լեզվին, թեև նորմալ չէ, որ չտիրապետողը դա չի կարողանում շտկել (պետության ղեկավարի պարագայում առավել ևս)։ Շատ ավելի սարսափելի է արտերկրյա միջոցառումներին Փաշինյանի հայտնությունների բովանդակային պատկերը նվաղած, խեղճացած, անկարող, մակերեսային և գեղջկական խորամանկության անհաջող փորձերով իրավիճակը փրկել չկարողացող անարժանապատվության շքահանդես։ Ընդ որում, այդ պատկերն ավելի նողկալի է դառնում, երբ հիշում ենք, թե թշնամու առջև նվաղող այդ նույն անձն ինչպես է առյուծ կտրում սեփական երկրում՝ իր ազգակից ընդդիմախոսների հետ ու նրանց մասին խոսելիս։

Անամոթի մարդը քիչ է տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից, եթե ընդհանրապես տարբերվում է։ Հետևաբար՝ ամոթին պետք է վերաբերվել լրջորեն՝ որպես անհատական ու խմբային վարքագծի կարևոր կողմնորոշիչ։ Իրականում կա ամոթի մեկ այլ տեսակ, որի դեպքում մարդն ամաչում է ոչ թե իր, այլ ուրիշի արարքներից։ Դա այն է, ինչ տեսության մեջ կոչվում է «իսպանական ամոթ» կամ «կողմնակի ամոթ»։ Փաշինյանի պատճառով հայ հասարակությունը,  որոշակի պարբերականությամբ, ապրում է «իսպանական ամոթ» և նվաստացում։ Սակայն, ամոթի որևէ տեսակ գործառնական նշանակություն կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ այն ազդում է այդ զգացումն ապրողի վարքագծի, գործողությունների փոփոխության վրա։ Մեր հասարակությունն ամեն անգամ ամոթ, խայտառակություն է ապրում Նիկոլի պատճառով ու նրա փոխարեն, և շարունակում է խորասուզվել դրա արդյունքում առաջացած հուսահատության, ընկճախտի մեջ։ Այսինքն՝ այս ձևով մեր ապրած ամոթը դիսֆունկցիոնալ է, և որքան էլ տհաճ է՝ ծառայում է հենց իշխանությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին, ով, ամեն անգամ խայտառակելով պետությունը, ստանում է էլ ավելի ընկճված ու հուսահատված ու իր գործողություններին գլխահակ հետևող հասարակություն։ Այս իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ հասարակությունն իր ապրած ամոթը դիսֆունկցիոնալից, ջլատողից վերածի գործառնական զգացումի՝ ներքին խռովությունը վերափոխելով գործողությունների՝ ուղղված ամոթի սկզբնաղբյուրի վերացմանը։ Դա կարող է դառնալ քաղաքականությունից խուսափող, քաղաքականությունից հիասթափված, բայց առողջ, համարժեք անհատների ու խմբերի միավորման հիմքը, որը՝ անգամ քաղաքական ձևակերպում չստանալու դեպքում, կարող է հանգեցնել քաղաքական արդյունքի։ Խայտառակված ու ամաչող մարդկանց մղումն արժանապատվության վերականգնումն է, որը վերքաղաքական, մարդկային ցանկություն է՝ դրա բավարարման քաղաքական անհրաժեշտությամբ։

Արմեն Հովասափյան